Բուենոս Այրեսում ապրիլի 8-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված ընթերցանության երեկո կանցկացվի
Արգենտինայում Գրքի, գրադարանների և ընցերցանության խթանման գլխավոր տնօրինությունը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչում է ընթերցանությանը նվիրված միջոցառմամբ:
Արգենտինայի Հայկական մամուլի կենտրոնի փոխանցմամբ, գրում է Արցախպրեսը, միջոցառման ժամանակ պատմվածքներ կընթերցվեն արգենտինահայ Խուան Կառլոս Բալասանյանի նոր «Քեզ կպատմեմ. հայ լինելու պատմություններ» գրքից:
Ընթերանությունը տեղի կունենա Բուենոս Այրեսի Ռիկարդո Գուիրալդեսի անվան գրադարանում՝ ապրիլի 8-ին` 19:00-ին:
Ընթերցող` Քրիստինա Ինես Փափազյան Narracdora:
Որպես հյուր հրավիրված է երգչուհի Վալերիա Չերեքյանը:
«Քեզ կպատմեմ» գիրքը գեղարվեստականորեն ներկայացնում է այն պատմությունները, որոնք երեխա ժամանակ լսել եմ իմ մեծ մորից և մեծ հայրիկից: Գրքում ներկայացվում են նաև հարազատներից, հարևաններից լսած պատմությունները: Այն խառնուրդն է իրական պատմության և գեղարվեստական մատուցման», – ասել է գրքի հեղինակը:
Գրքի պաշտոնական շնորհանդեսը կկայանա ապրիլի 15-ին՝ Պալերմոյում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում (Բուենոս Այրես), որից հետ այն նախատեսվում է բաժանել Ռոսարիոյի, Կորդովայի և Բուենոս Այրեսի գրադարաններում: