Ստամբուլում ապրիլի 24-ի առնչությամբ երկրի անցակետերին հատուկ հսկողության գաղտնի որոշում է տրվել

Թուրքիայի մաքսային և առևտրային հարցերով նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բոլոր անցակետեր «գաղտնի» գրությամբ որոշում է ուղարկել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը կրում է «Հայկական նախագիծ 2015» (Armenian Project 2015) խորագիրը:
Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 22-26-ը Ստամբուլում տարբեր քաղաքացիական կազմակերպություններ նախատեսում են իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք «1915 թվականի դեպքերը ներկայացնելու են հայկական տեսանկյունից»:
«Այս առնչությամբ վերոնշյալ ժամանակահատվածում բոլոր սահմանային անցակետերում և գլխավորապես Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայաններում անհարժեշտություն է առաջացել բռնության դեպքերի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրված է Թուրքիայի մաքսային վարչության ղեկավար Մեհմեթ Հաթիփօղլուի կողմից: