The Independent. Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգությունը «Իսլամական պետությամբ» չէր սկսվել

Բրիտանական The Independent-ը հրապարակել է Մերձավոր Արևելքում իր թղթակից, հեղինակավոր լրագրող Ռոբերթ Ֆիսքի հոդվածը, որում հեղինակն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ստեղծած այժմյան իրավիճակի արմատներն ու զուգահեռներ տանում նրա և Հայոց ցեղասպանության միջև: Armeniangenocide100.org-ը ներկայացնում է հոդվածը որոշ կրճատումներով.
1990 թվականի ամառային մի օր ես մտա քրիստոնեական մի մատուռ, որը Բեյրութի հյուսիսում գտնվող լեռնային շրջանում էր: Տեղի ծեր կաթոլիկ քահանան մատնանշեց սուրբ Հովհաննեսին պատկերող բյուզանդական մի խճանկարի: Քահանան ուզում էր ուշադրությունս հրավիրել սրբի աչքերին: Հին խճանկարում պատկերված սրբի աչքերը սրով հանված էին: «Մահմեդականներն են արել»,- ասել է քահանան:
Ես ամեն օր այցելում էի սիրիացիների ձեռքով սպանված քրիստոնյաների տները: Քահանայի խոսքով՝ սիրիացիները նույն մահմեդականներն էին, որոնք հանել էին հին նկարում պատկերված սրբի աչքերը:
Ես հիշում եմ՝ այդ ժամանակ ինքս ինձ ասում էի, որ այդ ամենը անհեթեթություն է, որ չես կարող ներկային պատվաստել անցյալի պատմությունը, և որ նման մասշտաբով քրիստոնյա-մահմեդական ոխեմությունը դպրոցականներին վախեցնող հեքիաթ էր:
Եւ արդեն անցյալ տարի, երբսիրիական Յաբրուդ քաղաքի երկնքում պայթում էին ռումբերը, ես մտա երկրի ամենահին եկեղեցին և գտա սրբերի նկարները: Բոլորի աչքերը դուրս էին հանված և մաս-մաս պատառոտված: Ես այդ մասունքներից տարա տուն՝ Բեյրութ, նույնիսկ հիմա, երբ գրում եմ այս հոդվածը, սրբերի նկարված աչքերի մասունքներն ինձ են նայում: Այդ ամենը, հավանաբար, իրաքցի մարդկանց ձեռքի գործն էր, որն արվել էր ընդամենը ամիսներ առաջ:
Անմիջապես նրանից հետո, երբ Հոլլիվուդը շարունակաբար ներկայացնում էր մահմեդականներին որպես Ամերիկան ոչնչացնել ցանկացող բարբարոս մարդասպանների, սեպտեմբերի 11-ի իրադարձությունը, թվում է, բոլորիս վատագույն մտավախությունների իրականացումն էր: 1990 թվականին ինձ հանդիպած քահանան չէր կարող ապրել այնքան, որպեսզի տեսներ՝ ինչպես են նոր բարբարոսները վարվում Յաբրուդի սրբերի հետ:
Ուշադրություն դարձրեք, որ ես չեմ նշում ոչ Իրաքում քրիստոնյա կանանց ստրկացումները, ոչ քրիստոնյաների և եզդիների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող կոտորածները, ոչ Մոսուլի հնագույն եկեղեցիների այրումը կամ 1915 թվականի հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեյր-էլ-Զորի հայկական եկեղեցու ոչնչացումը, ոչ նիգերացի աշակերտուհիների առևանգումը, ոչ էլ նույնիսկ Քենիայում վերջին կոտորածը, որում բազմաթիվ քրիստոնյաներ են սպանվել:
Այդ աղանդավորական մարդասպանների դաժանություններն իսկապես համապատասխանում են հոլլիվուդյան էպիկական նկարագրություններին: Չեմ նշում մահմեդական երկու ճյուղերի՝ սուննիների-շիաների վայրագ պատերազմները, որոնք այժմ որոշ չափով նվազեցնում են քրիստոնյաների տառապանքները:
Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգության շուրջ պետք է խորհել նաև այն ժամանակ, երբ աշխարհի հայերը հիշատակում են Օսմանյան Թուրքիայում իրենց ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թերևս, այժմ ժամանակն է ընդունելու ոչ միայն այս Ցեղասպանությունը, այլև հանգել նրան, որ դա Օսմանյան կայսրությունում ոչ թե պարզապես փոքրամասնության ոչնչացում էր, այլ մասնավորապես քրիստոնյա փոքրամասնության:
Այդ մարդկանց ողբերգությունները յուրահատուկ զուգահեռներ ունեն այսօրվա Իսլամական պետության մարդասպանների ձեռքով իրականացվող դաժանությունների հետ: Հայ տղամարդկանց սպանում էին, կանանց՝ բռնաբարում, ստիպում կրոնափոխ լինել կամ թողնում սովամահ լինել, երեխաներին՝ կենդանի այրում: Իսլամական պետության վայրագությունները նոր չեն. եթե պաշտամունքի տեխնոլոգիաները հաղթում են, նրանց մրցակիցները ոչինչ չեն կարող անել:
ԻՊ հանցագործությունները նույնքան դաժան են, որքան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական բանակի գործողությունները: ԻՊ և 1915 թվականի օսմանյան թուրքերի ընդհանրությունը գաղափարախոսության վրա հիմված դաժանություններն են, որոնք հիմված են ոչ թե ռասայական, այլ կրոնական ատելությամբ: Եկեղեցիներն և սինագոգներն այրելուց հետո դրանց որմնաքարերը նույն տեսքն ունեն:
Այսօր լիբանանցի մահմեդականները և քրիստոնյաները, թեև քաղաքականապես բաժանված են իրարից, պաշտպանում են միմյանց իրենց շուրջը տեղի ունեցող փոթորիկներից: Ինչու՞: Որովհետև այսօր նրան ավելի կրթված են: Որովհետև նրանք արժևորում են կրթությունը, գրքերն ու գիտելիքները: Իսկ կրթությունից գալիս է արդարությունը: Ահա՝ ինչու Լիբանանի հետ համեմատելիս Իսլամական պետության ներկայացուցիչները կորած հոգիների ազգ են:
Հեղինակի մեկ այլ անդրադարձ Հայոց ցեղասպանության թեմային կարող եք կարդալ այստեղ: