Ապրիլի 4-10 Վիքիպեդիայի դասընթաց լիբանանահայ ուսուցիչների և լրագրողների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/wikimedia.jpg)
2015 թվականի ապրիլի 4-10-ին Աղվերանում Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց լիբանանահայ ուսուցիչների և լրագրողների համար։
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես Վիքիպեդիայի և քույր վիքի նախագծերի օգնությամբ, «Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծում և զարգացում» նախաձեռնության շրջանակներում, ապրիլի 4-10-ը, «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» աջակցությամբ, կազմակերպում է «Վիքի դասընթաց Լիբանանի հայ համայնքի կրթական հաստատությունների և մամուլի աշխատակիցների համար»: Դասընթացի օրերին մասնակիցները կտիրապետեն Վիքիպեդիան համալրելու գործիքներին: Դասընթացը Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծում և զարգացում ծրագրի առաջին հանգրվանն է։ Այն նպատակ ունի Վիքիպեդիայի համակարգողներ պատրաստել Լիբանանում, ովքեր կզարգացնեն Արևմտահայերեն Վիքիպեդիան և կտարածեն Վիքիպեդիայի մասնակցության գաղափարները և գործիքների տիրապետումը Լիբանանում։
Այս միջոցառման առաջին երկու օրերը զուգադիպում են Վիքիմեդիա Հայաստանի մեկ այլ նախաձեռնության՝ «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոնի 2014-2015 թվականների ուսումնական տարվա վերջին երկօրյակի հետ։ Հայաստանի և Լիբանանի մտավորականները միասին կհարստացնեն Հայերեն Վիքիպեդիան գրական հայերենի երկու ճյուղերով գրված հոդվածներով, կկիսվեն իրենց գաղափարներով և հաճելի ժամանակ կանցնացնեն:
2015 թվականից Վիքիմեդիա Հայաստանը համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» հետ, նպատակ ունենալով խթանել արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծումն ու զարգացումը:
Ծրագիրը իրական հիմքերի վրա դնելու համար համակարգված գործունեություն է ծավալվում, որպեսզի Վիքիպեդիայի ստեղծմանն ու զարգացմանը մասնակիցներ ունենանք սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում։ Ծրագրի սկիզբը դրվել է Լիբանանում։
- Ապրիլի 4-10-ը Լիբանանի երկրորդական դպրոցների ուսուցիչների և լրատվամիջոցների խմբագիրների համար Աղվերանում կազմակերպել Վիքիպեդիայի ուսուցողական դասընթաց։
- Հուլիսի վերջում ամսաթվերը պետք է ճշտվեն, 14-20 տարեկան պատանիների համար երկշաբաթյա վիքի ճամբար կազմակերպել Անջարում (Լիբանան)։ Ճամբարին կմասնակցեն Լիբանանի երկրորդական դպրոցի աշակերտներ և ակտիվ վիքիխմբագրողներ Լիբանանից և Հայաստանից։
- Հայաստանում կազմակերպվելիք վիքի ճամբարներին հունիսի 21-ից հուլիսի 4-ը և օգոստոսի 16-29-ը մասնակցեն պատանիներ նաև Լիբանանից
- Վիքի ակումբների ստեղծում Լիբանանում։
Վիքիմեդիա Հայաստանի առաջնահերթ նպատակն է խթանել՝
- Արևելահայերեն Վիքիպեդիայի զարգացում,
- Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացում,
- Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հայ ժողովրդի հիմնախնդիրների պատշաճ ներկայացումը այլալեզու Վիքիպեդիաներում։
Արևելահայերեն Վիքիպեդիայի զարգացումը խթանելու ծրագրերի մշակման գործում արդեն իսկ շոշափելի հաջողություններն առկա են` վիքի կրթական ծրագրեր, վիքի ճամբարներ, վիքիակումբներ։
Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման սաղմերը դրվել է 2014 թվականին Վանաձորի Վիքի ճամբարի ընթացքում։
Օտարալեզու Վիքիպեդիաներում հայ ժողովուրդը ներկայանում է պատասխանատու անհատների շնորհիվ։
Այժմ Վիքիմեդիա Հայաստանը արևելահայերեն Վիքիպեդիայի զարգացումը և հաջողած ծրագրերը փորձում է տարածել նաև արևմտահայերեն և հայկական թեմաներով օտարալեզու Վիքիպեդիաների զարգացման վրա, այս գործերով նախանձախնդիր բոլոր կազմակերպությունների և անհատների համագործակցությամբ ավելի կատարելագործել և իրականացնել այդ ծրագրերը։
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը ստեղծում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձևաչափով։ Վիքիպեդիան համացանցում բովանդակություն տրամադրող կայքերի լավագույն հնգյակում է:
Կայքն օրական կտրվածքով միլիոնավոր ընթերցողներ ունի ամբողջ աշխարհից և հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններից: Վիքիպեդիան կրթական նյութեր ստեղծելու և որևէ երկիր` իր ողջ բազմազանությամբ համաշխարհային հանրությանը ներկայացնելու լավագույն հարթակն է: Վիքիպեդիայից օգտվելը և այն արժեքավոր տեղեկատվությամբ համալրելը ազգային ինքնության տարածման, ճանաչման և մայրենի լեզվի պահպանման կարևորագույն գործիք է: Այդ իսկ պատճառով Վիքիմեդիա Հայաստանը լծվել է Վիքիպեդիայի գաղափարների տարածման և խմբագրման գործիքների ուսուցման գործին թե Հայաստանում, այսուհետ նաև Սփյուռքում: