Արամ Ա-ն Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 1-ին ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպան Հոմեր Մավրոմատիսին:

Վեհափառ Հայրապետի և դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքին իրավիճակը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում, Լիբանանում և սփյուռքի տարբեր գաղութներում կազմակերպվող գլխավոր միջոցառումներին:

Հոմեր Մավրոմատիսը Վեհափառ Հայրապետին է փոխանցել հայ ժողովրդի արդար դատի հարցում իր կառավարության զորակցությունը և հայտնել, որ Կիպրոսի կառավարությունն ակտիվորեն կմասնակցի տարելիցին առնչվող նախաձեռնություններին:

 

Scroll Up