Արգենտինայի հայ երիտասարդները մերկացրել են Թուրքիայի սուտը

Հարավային Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անդամներն այցելել են Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ, որպեսզի թռուցիկներ բաժանեն 2015 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմայով Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Գարագաշի ելույթի ժամանակ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Թուրք-ադրբեջանական լոբբին շարունակում է կեղծիք տարածել եւ գրավել գիտնականների, քաղաքական գործիչների եւ լրագրողների: Մենք կրկին որոշեցինք դիմակայել թուրքական պետության ժխտմանը՝ տեղեկություններ տրամադրելով Թուրքիայի իրական արտաքին քաղաքականության մասին»,- հայտարարել են կազմակերպիչները:

Հայ երիտասարդաց դաշնակցությունը դատապարտել է այն, որ 2014 թվականին Թուրքիայում 2500 մարդ է տուժել ոստիկանության կողմից բռնության եւ հետապնդումների, ինչպես նաեւ այլ խախտումների արդյունքում:

Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ «թուրքական կառավարությունը փակ է պահում Հայաստանի սահմանը, որպեսզի Հայաստանին ֆինանսական առումով վատ իրավիճակի մեջ դնի, քանի դեռ երկիրը չի դադարում Հայոց ցեղասպանության հարցով արդարություն պահանջել եւ պայքարել Արցախի ինքնորոշման համար»:

Scroll Up