«Անցյալը չի լռում»․ միջոցառում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 22-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» դահլիճը լեփ-լեցուն էր։ Դահլիճի անկյունում հայ որբուկի նկար էր՝ «1915թ․․Ողբի՜ հայրենիք, որբի՜ հայրենիք» գրությամբ։ Դրսում՝ գարուն էր․․․ ձյուն էր արել, չնայած, որ դեռ մեկ օր առաջ  գարունն իր բարձունքում էր։ Բեմում՝ հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանի պատրաստած «Անցյալը չի լռում» խորագրով միջոցառումն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Բեմը մթության մեջ էր, բոլորը մեկ մարդ դառած քար լռությամբ սպասում էին։ Սպասում էին չարիքին, որ եկել էր ու որը էլ երբեք չպիտի վերադառանա, բայց որը մի կարճ ժամանակահատված ևս հիշեցրեց իր մասին։ Էկրանին ահասարսուռ, վայրագ, անմարդկային և բոլորիս ծանոթ կադրերն ուղեկցվում էին Ցեղասպանության դրադապատճառների, իրականացման փուլերի մասին տեքստով։ Տեքստն ընթերցում էր դերասան Հմայակ Հակոբյանը՝ էլ ավելի ընդգծելով, որ անցյալը լռելու իրավունք չունի, ոճիրը վաղեմությունչունի, թուրքը հանգիստ խղճի, իսկ հայը պահանջատեր չլինելու իրավունք չունի։

․․․ Բեմում հայրենիքից զրկված, արմատներից պոկված, տեղահանված, անապատ քշված հայերը և «սգավոր Հայաստանն էր» ու Անի Պապյանը՝ իր անզուգական «Ադանա» կատարմամբ։  Եվ երբ թվում էր, թե վերջ, հայը թևթափ է եղել, հային արմատներով հանել, ճյուղերը կտրել, հայրենիքից մեկընդմիշտ հեռացրել և ապագայից զրկել են՝ ասես հառնեց Արևելյան Հայաստանը՝ ազգային-ազատագրական պայքարներով, անկախ պետականությամբ, Երևանով, Զվարթնոցով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով, որը կենդանի մարդկանցով «վեր խոյացավ» բեմին և միացավ Միքայել Փարսադանյանի և Անի Պապյանի կատարած «Տեր Ողորմեային»։ Ու նոր սերնդի՝ փոքրիկ Գոռի ու Մանեի «Ընտանիք» նկարը/նկարչության ուսուցչուհի՝ Հրաչուհի Մարտիրոսյան/ եկավ ծածկելու «անկյան որբուկին», վերածնունդը եկավ դադարեցնելու ողբը և հատուցում ու պատիժ պահանջելու, դեռ երեկ հայրենիքից վտարվածի շառավիղը եկավ կռվելու և հաղթելուԱրցախում։

․․․․ Եվ լուսավորվեց բեմը, և բեմը լցվեց Արմինե Մարտիրոսյանի ղեկավարած հումույթի տղաների «Հիմի էլ լռենք» երգի խրոխտ կատարմամբ։ Կենդանացան «Ծիծեռնակաբերդի սյուները»՝ նետելով սև քողը սպիտակ հագան և նոր կյանք մտան հայոց եռագույնով․ եկավ հատուցման պահանջի պահը։

․․․Բայց երբ բացվեց առավոտը թարմ, գազանը սատկեց հայորդու զարկից,

Բացվեց մի նոր լույս, մի առավոտ թարմ, ով մարդ էր՝ զատեց լույսը խավարից։

Հեղինակ Երանուհի Ղազարյանը ողջ միջոցառումը ուղեկցել էր տեսաշարով, որը պատմում էր վերջին հարյուրամյակի սարսափների, արդարության պահանջի և ազգային հարության մասին և որպես լուծում հնչում էր կոչը՝ առանց միասնության հնարավոր չէ ունենալ ուժեղ հայրենիք և հզորներից արդարություն պահանջել։ Եվ զուգահեռաբար բեմում և տեսանյութում ցույց էր տվել, որ հայը միասնական եղավ Արցախում և հաղթեց։ Հենց այդ հաղթանակով ցույց տվեց, որ հայի դեմ սրով դուրս եկողը ապրելու շանսեր չունի, հայը խաչակնքվելով մարտի նետվելով՝ պարտվողի հետ ընդհանրություն չունի։ Իսկ «Հայորդյաց տան» սաներիցԶոհրաբ Թամամյանը հեղինակային բանաստեղծությամբ հաստատեց․

Через столетия спустя, турок помни!
Твое счастье мнимо, пока бьется сердце АРМЯН�?НА!

Եվ հայի պահանջն ու կոչն ամբողջացավ Արփինե Ամիրյանի ղեկավարած «Հայասա» համույթի անդամների միասնության շուրջպարով։

Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը՝ դիմելով հյուրերին, որոնց թվում էին՝գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Վիկտորյա Մելքումովան և դեսպանատան այլ ներկայացուցիչներ, ԵՊՀՀայագիտականհետազոտություններիինստիտուտիփոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Մոսկվայում գործող հասարակական և կրթական կենտրոնների տնօրենները, ասաց․ «Տիկին Ղազարյանը և մեր սաները հերթական անգամ ցույց տվեցին, որ մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք ու վերահաստատեցին, որ պահանջատեր ենք։ Պահանջատեր է մեզանից յուրաքանչյուրը, պահանջատեր է Արմենը, Դավիթը, Երանուհին։ Պահանջատեր է մեր սանուհի ազգությամբ ռուս Տանյան, ով փայլուն խաղով և ասմունքով այսօր ևս հիացրեց բոլորիս։ «Հայորդյաց տունը», մեր հայրենիքը շեն է և լի է ձեզանով, սիրելի սաներ ու մեր միասնականությամբ է, որ հասնելու ենք արդար դատի և միասնության շուրջպար ենք բռնելու Մասիսի փեշերին»։

 Արմինե Կարեյան, Մոսկվա

01 02 03 04

Scroll Up