Յեյլի համալսարանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում կբեմադրվի
Մարտի 26-28-ը Յեյլ համալսարանի Դրամատիկական ընկերակցությունը Յեյլի Ռեպերտուարային թատրոնում ներկայացնելու է «Ermeni» ներկայացումը: Asparez-ի հաղորդմամբ, ներկայացումը Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկայում բնակություն գտած մի հայ ընտանիքի մասին, որի հեղինակը Էրիկ Սիրակյանն է, ռեժիսորը՝ Նոամ Շապիրոն:
«Ermeni»-ն պատմում է ամերիկահայ ուսանողուհի Անիի պատմությունը: Անին 1970 թվականի հոկտեմբերին ընտանիքին է ներկայացնում իր թուրք ընկերոջը՝ Թաներին:
Պատմության շուրջ ծավալված բանավեճը վերածվում է ընտանեկան ճգնաժամի, երբ Անիի կաթվածահար եղած տատիկին հոսպիտալացնում են: Երբ Թաներն այցելում է հոսպիտալացված ծեր կնոջը, նրանց միջև ընկերություն է սկսվում. նրանք «ճանապարհորդում են» դեպի անցյալ և բացահայտում վաղուց թաղված ընտանեկան գաղտնիք:
«Գեղեցիկ կառուցվածքից, բնութագրերից և լեզվից բացի, «Ermeni» ներկայացումը հատուկ կոչ է՝ հիշելու հայ ժողովրդի հետ կատարվածը, սա կոչ է մեր խղճին. ներկայացումը, պատմելով անգամ այսօր մեր կյանքում արտացոլվող անցյալի եղելությունները, փոխկապակցում է անցյալն ու ներկան»,- ասում է Շապիրոն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սիրակյանի ներկայացումը արծարծում է պատմության, ինքնության և հիշողությանը վերաբերող հարցերը: Ներկայացմանը հետևելու է լրացուցիչ քննարկում, որը տեղի կունենա մարտի 28-ին:
Քննարկման մասնակիցների թվում են լինելու Միչիգանի համալսարանի Հասարակագիտության պրոֆեսոր Ֆաթմա Գոչեքը և Յեյլի համալսարանի Պատմության պրոֆեսոր Ջեյ Ուինթերը: Քննարկումը կազմակերպվել է Յեյլի համալսարանի Ցեղասպանագիտության ծրագրի աջակցությամբ: