Քեսա՛պ, հայատրոփ սիրտ, հայկական զարկերակ:Մեկ տարի առաջ այս օրը Քեսապը գրավվեց.տեսանյութ,լուսանկարներ
Մարտի 21-ին լրանում է մեկ տարին, որ Սիրիայի Քեսապ հայաշատ ավանն իր շրջակա գյուղերով գրավվեց զինյալ ահաբեկիչների կողմից: Ամբողջ բնակչությունը մինչև ազատագրումը ապաստանեց Լաթաքիայում և այլուր: Թեև մարտի 21-ը քեսապցիներիս հիշողության մեջ տխուր թվական է, բայց մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով արիաբար կռվեցին Քեսապի ազատագրության համար: Այսօր ուրախ ենք, որ քեսապցին վերադարձել է իր բնակավայրը և վերականգնել այն ավերակները, որոնք պատճառեցին ահաբեկիչները: Ճիշտ է, մեր տները, եկեղեցիները, մշակութային կենտրոնները այրվեցին ու կողոպտվեցին, բայց հային վայել ուժ ունեցանք ավերակը դարձյալ վերականգնելու:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հիշելով պահանջում ենք, որ միջազգային ատյանները դատապարտեն մարդկության դեմ ուղղված ցանկացած ոճիր և ցեղասպանություն: Թուրքիայից փոխհատուցում ենք պահանջում պատճառած մարդկային և նյութական անթիվ վնասների համար: Անշուշտ, չենք մոռանում նաև կորուստները և նահատակներին: Աստված իրենց հոգիները թող լուսավորի, իսկ Քեսապին և առհասարակ ողջ հայությանը խաղաղ, բարգավաճ օրեր պարգևի:
Այս առիթով ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, Այնճարի Սբ. Պողոս եկեղեցում մոմավառություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Քեսապի տեղահանության առաջին տարելիցի: Իսկ Հայ Կաթողիկե եկեղեցու Երիցագույն Մայրիկը՝ Զուզան Քիլաղպյանը պարգևատրվել է Զմմառի «Ցավագին Տիրամոր» սրբապատկերով:
Աղբյուրը՝ Քեսապ Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից:
Իսկ ներկայացվող տեսանյութը դիտելիս կծանոթանաք, թե ազնվաբարո քեսապցիները ինչպիսի կենցաղ ունեն և ինչ ավանդույթներով են ապրում: Նրանք պատմում են նաև դրախտավայր, զարմանահրաշ Քեսապի մասին:
Հ.Գ.-Հուսանք՝ նորից հնարավորություն կունենանք ոտք դնելու բնության գողտրիկ անկյունի՝ Միջերկրական ծովի ափին ծվարած երբեմնի Կիլիկյան Հայաստանի հողին՝ նորից վայելելու քեսապցիների ջերմ ու անկեղծ վերաբերմունքը: