Անմեղ նահատակված հոգիներն իրենց չապրած գարունների հատուցումն ու արդար վճիռն են պահանջում
Եղեռնազոհ հայ մտավորականների հիշատակին
Սիամանթո (Ատոմ Յարճանյան) – արևմտահայ ականավոր բանաստեղծ, գրական ու հասարակական անվանի գործիչ, 1894-96թթ. հայկական ջարդերի արձագանքի կոչնակը, §Գաղափարին բանաստեղծը¦ 1915-ին դարձավ թուրք ենիչերիների զոհը:
Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան) – բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Սևակը ձերբակալվում է 1915-ին և աքսորի ճանապարհին նահատակվում Վարուժանի, Սիամանթոյի և այլ մտավորականների հետ:
Հովհաննես Թլկատինցի (Հարությունյան) – արևմտահայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ, արևմտահայ գյուղի անցյալի վերծանողն ու արևմտահայ գյուղացու ողբերգությունը խորապես նկարագրող Թլկատինցին 1915թ. Եղեռնին զոհ գնացած մտավորականներից մեկն էր:
Դանիել Վարուժան (Չպուգքյարյան) – ընդամենը 31-ը նոր բոլորած դյուցազներգակ, Չարենցի բառերով՝ «արծաթե ափսեի վրա բոցավառ մի սիրտ տանող» բանաստեղծը 1915թ.-ին դարձավ թուրք բարբարոսների զոհերից մեկը:
Գրիգոր Զոհրապ – ժամանակի ազգային, հասարակական ու մշակութային կյանքի, պոլսահայ մտավորականության վառ դեմքերից մեկը, ճանաչված իրավաբան-փաստաբանը, ճարտարապետը, քաղաքական գործիչը, գրողը ձերբակալվում է 1915թ. ապրիլյան օրերին, այնուհետև թուրք բարբարոսների ձեռքով գազանաբար սպանվում աքսորի ճանապարհին:
Ռուբեն Զարդարյան – արևմտահայ գրող, հրատարակիչ, հասարակական-քաղաքական եռանդուն գործիչը 1915թ. աղետալի ապրիլին ձերբակալվում է Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց հետ ու զոհվում աքսորի ճանապարհին: Նրա զոհվելու ճշգրիտ վայրը և հանգամանքները մինչ այժմ էլ հայտնի չեն:
Երուխան (Երվանդ Սրմաքեշխլյան) – արևմտահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ, «Գաղթական աշուղ» ծածկանունով այս գրողը 1894-96 հայկական կոտորածների օրերին տեղափոխվում է Բուլղարիայից, սակայն տարագրությունից հետո դառնում է Եղեռնի զոհերից մեկը:
… Սրանք ընդամենը կարճառոտ տեղեկություններ են Հայոց եղեռնազոհ հայ գրողների, մտավորականների աստղաբույլի մի մասի, որի անզուգական ցոլքն աշխարհիս երկրային ու երկնային զարդն էր և՝ է…
…Հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երիտթուրքերը հաշվեհարդար տեսան հայ ականավոր գործիչների հետ, այդ թվում՝ Մեջլիսի պատգամավորների ու հայ մտավորականության խոշորագույն ներկայացուցիչների հետ: Միայն Կոնստանդնուպոլսում ապրիլի 24-ին՝ լույս 25-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալեց 235 անվանի հայ մտավորականների, գրողների, իսկ հաջորդ մի քանի օրվա ընթացքում՝ ևս մի քանի հարյուր մարդու: Նրանք բոլորը՝ շուրջ 600 հոգի, գազանաբար սպանվեցին աքսորի ճանապարհին՝ իրենց նշանակված վայրը՝ Անգորա, Կոնյա և Դիարբեքիր չհասած: Լեպսուսի վկայությամբ միայն 8 հոգու հաջողվեց փրկվել մահից: Նույն ճակատագրին արժանացավ հայ մտավորականությունը երկրի այլ քաղաքներում: Ձերբակալվածների և աքսորվածների թվում էին անվանի հայ գրողներ, արվեստագետներ, բժիշկներ, մանկավարժներ, նկարիչներ: Այս արյունոտ չարագործությունների կազմակերպիչ Թալեաթ փաշան, փորձելով արդարացնել իրեն, իր հուշերում պնդում էր, որ Ստամբուլում ձերբակալված հայերն իբր թե ինքնագլուխ «գնդակահարվել են ոստիկանների կողմից, որոնք նրանց պետք է հասցնեին Անգորա՝ ռազմադաշտային դատարանին հանձնելու համար»: Մինչդեռ, գերմանական դեսպանության հարցումին Թալեաթի տրված պատասխանից պարզորոշ երևում էր, որ հայ գրողներն ու հայտնի գործիչները ոչնչացվեցին հենց թուրքական կառավարության հրամանի համաձայն: Ակներև է, որ քաղաքներից մտավորականության արտաքսումը և սպանությունը մի քող էր, որով պետք է հեշտանար հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի ծրագրած գազանային հաշվեհարդարը: Ստամբուլի զոհված հայ գործիչների թվում էր ականավոր գրող, հրապարակախոս, իրավաբան ու հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապը: Արաբական ազգային-ազատագրական շարժման գործիչներից մեկը՝ Շեյխ Ֆաիզ-էլ-Ղուսեյնը Զոհրապի մասին գրել է հետևյալը. «Ամբողջ աշխարհը գիտի այն մասին, թե ով էր Կոնստանդնուպոլսի հայ պատգամավորը: Նա փայլում էր որպես հռետոր, իր գիտելիքներով ու իմաստությամբ: Նա բարձր կրթության տեր մարդ էր, իրավունքի հարցերի գիտակ և ոչնչի առաջ կանգ չէր առնում, երբ խոսքը գնում էր ազգային շահերի պաշտպանության մասին»: Արևմտահայ ժողովրդի ամենառաջավոր ու լուսավոր գործիչների ոչնչացումով թուրք իշխանություններն իրենց համար դյուրացրին հայերի բնաջնջման հրեշավոր ծրագիրը:
…100 տարվա լռությունը սակայն աղաղակում է, 100 չապրված գարունները ձյուն են մաղում, 100 տարվա վերքերը չեն սպիանում, քանի դեռ չկա Հայոց ցեղասպանության աշխարհասփյուռ ճանաչումը, մարդկության, Հայության դեմ կատարած աննախադեպ մեծ ոճիրի դատապարտումը, քանի դեռ չկա Հատուցումը… 2 միլիոն անմեղ նահատակված հոգիներն իրենց չապրած գարունների հատուցումն ու արդար վճիռն են պահանջում:
Կարինե Ավագյան