«Մենք հիշում ենք». Մոսկվայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նկարչական ցուցահանդես է բացվել

Մարտի 14-ին Մոսկվայի «Արվեստի գործիչների կենտրոնական տանը» Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունների, Հայաստանի Ազգային պատկերասրահի աջակցությամբ կազմակերպվել էր  խորագրով նկարչական ցուցահանդեսը, որը անց է կացվել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ե.Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Ա.Աբրահամյանը, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը: Միջոցառումն սկսվեց արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Ելույթ ունեցողները ընդգծեցին նման հուշ-միջոցառումների անցկացման, ժառանգների առջև պատմական հիշողության վառ պահելու կարևորությունը: Հիշատակվեց, որ որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` հայերը մեծ բարոյական պատասխանատվություն են զգում  իրենց ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ ապագայում կանխելու մարդկության դեմ հանցագործությունները: Նշվեց, որ մոտենում է 20-րդ դարի ամենաողբերգալի ոճրագորոծության 100-րդ տարելիցը, սակայն ժողովրդի պայքարը չի դադարում: Այդ պայքարի ձևերից մեկն էլ մշակույթն է, որի միջոցով Հայոց դատը ներկայացվում է աշխարհին: Գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց եղասպանությունը:

Ցուցահանդեսում ներկայացված էին Մոսկվայի հայ համայնքի անվանի քանդակագործ, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆ.Սողոյանի, ՀՀ վաստակավոր նկարիչներ Ա. Հարությունյանի և Գ.Ֆրանգուլյանի, Ռուսաստանի, Հայաստնի և Եվրոպայի մի շարք այլ անվանի նկարիչների աշխատանքները:

Ելույթներին հաջորդեց գրականագիտական-երաժշտական հուշ երեկոն:

Scroll Up