Լիբանանցի պատգամավորը վարչապետից պահանջում է ապրիլի 24-ը հռչակել Սգո օր

Լիբանանի խորհրդարանի անդամ Նեբիլ Նիքոլան պաշտոնական նամակ է հղել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին՝ պահանջելով ապրիլի 24-ը հռչակել Սգո օր: «Հայերն այսօրի» փախնցմամբ այս մասին հայտնում է Aztagarabic կայք-էջը:

Նամակի մեջ մասնավորապես ասվում է. «Պատմությունը կրկնվում է նաև այսօր, երբ արևելքում սպանդի են ենթարկվում փոքրամասնությունները և աքսորվում իրենց հայրենիքից և տնից: Դա կատարվում է այլակերպության մերժումի սկզբունքի հիման վրա, որը նույնությամբ կատարվեց սրանից 100 տարի առաջ, երբ օսմանյան մտայնությունը իր բոլոր հակառակորդներին համարեց թշնամիներ, որոնք պետք է բնաջնջվեին:

100-րդ տարելիցի առիթով հայերը, ասորիները, քալդացիներն ու արամեացիները Լիբանանի մեջ վերհիշում են իրենց տառապանքները: Լիբանանի հանդեպ պատկանելության զգացումներից զատ, նրանք ապրում են հավատարիմ իրենց ակունքներին: Նրանց դեմքերին դրոշմված է Ցեղասպանության վայրագության հանդեպ զայրույթը և նրանք ավելի վճռական են այդ ջարդերի ճանաչման հարցով:

Լիբանանահայերը ապրում են Լիբանանում մյուս փոքրամասնությունների կողքին, նրանք լիբանանցի են՝ հայկական արմատներով, նրանք մեծ դեր են ունեցել Լիբանանի տնտեսական, սոցիալական կյանքում և իրենց չեզոք կեցվածքով ոչ մեկին չեն վշտացրել: Այդ պատճառով իրենց այս շնորհալի կեցվածքի համար հարգվեցին և սիրվեցին բոլորի կողմից: Հայերը բնորոշվեցին ճարտախոսությամբ և անկեղծ վարմունքով: Նրանք հռչակավոր մարդիկ տվեցին Լիբանանին՝ նախարարներ, խորհրդարանի անդամներ, տնտեսագետներ, մշակութային գործիչներ, գործարարներ, բժիշկներ, ճարտարապետներ, արվեստագետներ, երաժիշտներ և լրագրողներ: Նրանք ունեն հայերեն լեզվով իրենց ռադիոկայանները և թերթերը, ինչպես նաև իրենց դպրոցներն ու ճեմարանները»:

Շարունակելով իր խոսքը՝ պատգամավորն ասում է. «Պահանջում ենք մեծ երկրներից, որոնք ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպան են համարվում, դատապարտել մարդկության հանդեպ կատարված բոլոր կոտորածները, հատկապես անզեն հայ ժողովրդի հանդեպ կատարվածը: Այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պահանջում ենք աշխարհի ազատատենչ մարդկանցից, որ ճնշում բանեցնեն Թուրքիայի վրա: Որքան շատանան դատապարտող արարքներն, այնքան կշատանան եվրոպական երկրների ճնշումը այյն երկրի վրա, որը հավակնում է անդամակցել Եվրամիությանը»:

Պարոն Նեբիլն իր նամակում նաև հիշեցնում է, որ. «1997 թվականին Լիբանանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում ընդունեց, այդպիսով, Լիբանանը հանդիսացավ առաջին արաբական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լիբանանի խորհրդարանն այս ձևով իր աջակցությունը հայտնեց իր հայ քաղաքացիների պահանջներին, հավատալով, որ այս հարցի միջազգային ճանաչումը կանխարգելիչ դեր կունենա ապագայում նման արաքները բացառելու համար»:

Իսկ նամակի ավարտին լիբանանցի պատգամավորն ասում է. «Ձերդ վսեմություն, պահանջում ենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից առիթով, հռչակել Սգո օր՝ իրագործելով 1997 թվականի խորհրդարանի որոշումը և հարգելու անմեղ նահատակների հիշատակը»:

Scroll Up