Նոր գիրք Առաջին աշխարհամարտի մասին
Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» հրատարակչությունում լույս է տեսել Ալեքսանդր Կռիլովի «29–րդ և 67-րդ սիբիրյան հրաձգային գնդերը գերմանական ճակատում 1914-1918 թթ. (արխիվային նյութերի հիման վրա)» գիրքը: Այն լույս է տեսել «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարում` կովկասագետների գիտական ընկերության և մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության համատեղ ջանքերով: Այս գիրքը կոչված է ցուցադրելու գնդային արխիվների առանձնահատկությունը իբրև պատմական աղբյուրների հատուկ կարգի և ամբողջական պատկերացում տալու ռազմական գործողություններում սիբիրյան գնդերի դերի, նրանց ճակատային ամենօրյա կյանքի վերաբերյալ: Գրքում խոսվում է նաև գերմանական ճակատում հայ սպաների մասնակցության մասին: Պատմական գիտությունների դոկտոր, կովկասգետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի մենագրությունը ծանրակշիռ ավանդ է շատ ժողովուրդների պատմական ճակատագրերի վրա անմիջական ազդեցություն ունեցած Առաջին աշխարհամարտի քիչ հայտնի էջերի ուսումնասիրության գործում: Հիշեցնենք, որ 2012 թ. հիմնված «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարը առաջին հերթին հասցեագրված է ռուսաստանյան ընթերցողին և ներկայացնում է աշխատություններ հայ ժողովրդի պատմության ու մշակույթի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Մասնավորաբար, մատենաշարում լույս են տեսել հետևյալ գրքերը. Ստանիսլավ Տարասով «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին», (երկու հրատարակություն), Կիմ Բակշի «Արցախի հոգևոր գանձերը», Անտոնիա Արսլան «Ասք Մշո ճառընտիրի մասին», Ռաֆայիլ Զինուրով «Հայաստան՝ հազարամյակների ուղի…», «Հայաստան-Իրան», պատմություն, մշակույթ, փոխգործակցության ժամանակակից հեռանկարները, հոդվածների ժողովածու, Լեոնիդ Ռեշետնիկով «Վերադարձ Ռուսաստան. երրորդ ուղի կամ հուսահատության փակուղիներ» (հայերեն թարգմանությամբ):