Թուրք գիտնականը՝ Ցեղասպանության մասին. Հիմա դրա մասին հիշել է ԻՊ-ը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Ugur-Umit-Ungor.jpg)
Հայոց ցեղասպանությունը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց եւ խոշտանգեց հազարավոր կանանց ճակատագրեր, որոնք բռնի կերպով ամուսնացան թուրքերի եւ քրդերի հետ։ Այս մասին Հաագայում Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ծագումով թուրք հոլանդացի գիտնական Ուգուր Ունգորը։ Կոնֆերանսի բացումը տեղի է ունեցել լեփ-լեցուն դահլիճում, news.am-ի փախանցմամբ տեղեկացնում է հոլանդական Reformatorisch Dagblad պարբերականը։
Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից 25 հանրահայտ գիտնականներ, որոնց ելույթները կամփոփվեն ժողովածուի մեջ։ Կոնֆերանսը կազմակերպել էին Ցեղասպանության, Հոլոքոստի եւ պատերազմների ուսումնասիրության ինստիտուտը (NIOD), Հարավային Կալիֆորնիայի համալսարանը եւ հայտնի իրավագետ Ալեքսիս Դեմիրճյանը։
«Ցեղասպանության եւ Հոլոքոստի տարբերությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կանանց եւ աղջիկներին միշտ չէ, որ սպանում էին։ Գուցե ոմանք ասեն, գոնե փրկվում էին, բայց նրանց բռնաբարում էին եւ տարիներ շարունակ հարկադրում բռնի կենակցել թուրքերի եւ քրդերի հետ։ Եվ դա ողբերգություն է, որից չես փախչի։ Ցեղասպանությունը ոչ միայն խլած այլ նաեւ խոշտանգված կյանքերն են»,- հայտարարել է թուրք գիտնականը։
Սիրիայի Դեր Զորի ողբերգությունը այսօր շարունակվում է։ «Ինչպե՞ս են Իսլամական պետության գրոհայինները բացատրում իրենց կատարած սպանությունները։ Մարդիկ պետք է մեռնեն, քանի որ նրանց նախնիների շարքում նաեւ հայեր են եղել»,- նշել է Ունգորը։
Ուգուր Ունգորը դասավանդում է Ուտրեխտի համալսարանում։ Նա նաեւ NIOD-ի գիտաշխատող է եւ հայտնի է Արեւմտյան Հայաստանում եւ Ռուանդայում Ցեղասպանության մասին իր ուսումնասիրություններով։