Զոյա Փիրզադի չնչին, աննշան թվացող մանրուքների մեծ աշխարհը

Բանասեր, թարգմանիչ, լրագրող Գևորգ Ասատրյանի թագմանությամբ լույս է տեսել իրանահայ անվանի գրող Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն:

 «Հայերն այսօր»-ը թարգմանչի հետ զրույցում ներկայացնում է հեղինակին՝ անդրադառնալով նաև գրողի ստեղծագործություններին:

 -Պարոն Ասատրյան, մեր հայրենակից Զոյա Փիրզադը հայտնի անուն է Իրանում և նրա սահմաններից դուրս, սակայն նրան, նրա գրականությունը հայրենիքում կարծես ճանաչողները քիչ են…

-Իրավացի եք, բայց ինչպե՞ս ճանաչեն, եթե հայերեն չի թարգմանվել, չի տպագրվել: Թեև մեր գրական աշխարհում նրա անունը՝ որպես հանրահայտ գրողի, շատերն արդեն գիտեն: Առանց դույզն-ինչ չափազանցման կարող եմ ասել, որ Զոյա Փիրզադը Իրանի ժամանակից գրականության այցեքարտն է Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում: Եթե իրանական արձակն այսօր փնտրված «արտադրանք» է երկրի սահմաններից դուրս, ինչպես ասենք, իրանական կինոն, ապա նաև շնորհիվ մեր տաղանդաշատ հայրենակցի: Նա Իրանում դասական գրողի համարում ունի, և պատահական չէ, որ նրա ստեղծագործությունները գրեթե առանց բացառության  ունենում են բազմաթիվ հրատարակություններ: Օրինակ, հեղինակի «Լույսերը ես կհանգցնեմ» վեպը օրերս Իրանում հիսուներեքերորդ հրատարակությունն ունեցավ հայաստանյան չափանիշներով՝ անհավանական մի թիվ: Մի այլ՝ ավելի տպավորիչ վիճակագրություն ներկայացնեմ. արձակագիր Զոյա Փիրզադի գրքերն իրենց տպաքանակով Իրանի Իսլամական Հանրապետությունում զիջում են թերևս միայն Ղուրանին՝ սուրբ գրքին, և պարսկական պոեզիայի արքային՝ Հաֆեզին: Եվ ամենագլխավորի մասին՝ նա երիտասարդության կուռքն է, նրա ամեն հաջորդ գրքին ընթերցողը անհամբերությամբ է սպասում: Նա շահել է իրանական համարյա բոլոր բարձրագույն գրական մրցանակաները:  «Լույսերը ես կահանգցնեմ»  վեպը ճանաչվել է «Տարվա  գիրք» և արժանացել պետական մրցանակի: Եվ պատահական չէ, որ գրականության բնագավառում ունեցած ակնառու հաջողությունների ու մեծ վաստակի համար Զոյա Փիրզադը վերջերս արժանացել է ֆրանսիական կառավարության կողմից տրվող «Ասպետ»  գրական շքանշանին (հեղինակի բոլոր գործերն առանց բացառության թարգմանված են ֆրանսերեն): Փիրզադին կարդում են աշխարհի համարյա բոլոր լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, նորվեգերեն, հունարեն, իտալերեն, սերբերեն, չինարեն, ճապոներեն, անգամ թուրքերեն և վրացերեն:  Զոյա Փիրզադին նաև հայտնի թարգմանիչ է Իրանում: Նրա թարգմանությամբ լույս են տեսել և բազմաթիվ հրատարակումներ ունեցել Լուիս Քերոլի «Ալիսը հեքիաթների աշխարհում» և ճապոնական դասական պոեզիա գրքերը:

-Արդեն ձեր թարգմանությունների շնորհիվ կկարդան նաև հայերեն…

-Ցավոք, մեր հայրենակցին ճանաչելու և մանավանդ գնահատելու իմաստով մենք ետ մնացինք անգամ թուրքերից ու վրացիներից, թեև հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ ես թարգմանչի իմ գործը դեռ հինգ-վեց տարի առաջ եմ արել, բայց հրատարկելու հնարավորություն չեմ ունեցել: Թարգմանել եմ պարսկագիր գրողի  համարյա բոլոր ստեղծագործությունները՝ «Ինչպես բոլոր երեկոները» (սա արդեն տպագրվել է) պատմվածքների ժողովածուն, «Զատկի նախօրեին», «Տտիպ խուրմա» վիպակների ժողովածուները, «Լույսերը ես կհանգցնեմ» վեպը: Շուտով կձեռնարկեմ նրա վերջին՝ «Ընտելանում ենք» վեպի թարգմանությունը, որն արդեն բազամթիվ լեզուներով է թարգմանվել:

Ովքե՞ր են Զոյա Փիրզադի հերոսները, և ընդհանրապես, ինչպե՞ս կբնութագրեք նրա գրականությունը…

-Փիրզադի հերոսները միջին խավի հասարակ, սովորական մարդիկ են, հիմնականում՝ կանայք, որոնք իրենց դերն ու տեղն են փնտրում ինչպես ընտանիքում, այնպես էլ կյանքում, հասարակության մեջ: Փիրզադը կանանց կերպարներ կերտելու մեծ վարպետ է: Հետաքրքիր է, որ նրա գրեթե բոլոր հերոսուհիները իրենց խոհանոցի պատուհանից են նայում դրսի աշխարհին, բայց նրանք միայն պասսիվ դիտորդներ չեն… Նրա հերոսները՝ հայ, պարսիկ, մի երազանք ունեն՝ աշխարհը ավելի գեղեցիկ ու բարի, ավելի կատարյալ, բարոյական տեսնել…

-Գուցե նաև կենսագրական տեղեկություննե՞ր հայտնեք հեղինակի մասին…

-Անպայման: Զոյա Փիրզադը ծնվել է 1952 թվականին Իրանի երբեմնի հայաշատ Աբադան քաղաքում: Նա իր ստեղագործություններում շատ հաճախ է  անդրադառնում ծննդավայրին,  այն միջավայրին, որտեղ ապրել է, մեծացել: Սովորել է տեղի «Ադաբ» հայկական դպրոցում: Երկու որդիների մայր է: Հիմա արդեն հիմնականում ապրում և ստեղծագործում է Երևանում:  Ի դեպ, նա դժվարությամբ է Հայաստանից բաժանվում, այն էլ, եթե հարկադրված է լինում… Որքան պահանջկոտ ու բծախնդիր է ստեղծագործական խնդիրներում, նույնքան մատչելի, անմիջական, պարզ ու հասարակ է մարդկային շփումներում՝ ճիշտ իր գրականության նման՝ պարզ ու անմիջական… Բայց հիշենք, որ նրա գրականությունը պարզ է ու հասարակ միայն առաջին հայացքից… Դա դժվարին աշխատանքով ձեռք բերված պարզություն է… Այնքան պարզ, որ ոչ հմուտ ընթերցողը հեշտորեն կարող է շփոթել պարզունակության հետ: Ամեն անգամ, Զոյա Փիրզադի գրականության մասին խոսելիս, ստիպված եմ լինում հիշեցնել Թումանյանի խոսքերը՝  ի պատասախան այն քննադատների, որոնք նրան մեղադրում էին պարզ ու հասակ գրելու համար: Թումանյանն ասում էր՝պարզություն, որ ձեռք է բերվում դժվար վարժությամբ…Ասեմ  նաև, որ Փիրզադը մանրուքի, աննշան դետալի, մանրամասնի մեծ վարպետ է. սա նրա գրականության բնորոշ գծերից մեկն է: Փիրզադը փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Պարզ ու անպաճույճ է նաև հեղինակի խոսքը, ինչը թարգմանչի համար բավականին դժվարություններ է ստեղծում. չէ՞ որ լեզվում պարզից պարզունակ տարածությունը շատ կարճ է… Ասեմ, որ Փիրզադը իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ է գրականություն բերել: Կներեք, ես պատմում էի հեղինակի կենսագրությունից, բայց ինձ համար էլ անսպասելիորեն  աննկատ անցում կատարեցի նրա ստեղծագործություններին…Եվ պատահական չէ այս՝ կյանքից գրականություն սահուն անցումը. Զոյա Փիրզադը նման է իր իսկ ստեղծած գրականությանը… 

        Զրուցեց Գևորգ Չիչյանը         

 ԹԱՐԳՄԱՆՉԻ ՄԱՍԻՆ

Գևորգ Ասատրյանը Հայաստան է տեղափոխվել  Իրանից` 10 տարեկան հասակում: Սովորել է Թեհրանի «Նաիրի» ազգային դպրոցում, ապա ուսումը շարունակել է Գյումրի քաղաքի Պետրոս Դուրյանի անվան թիվ  28  դպրոցում: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ստանալով բանասեր-թարգմանչի որակավորում: Աշխատել է տպագիր և էլեկտրոնային մամուլում՝«Ավանգարդ» թերթ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիր (բաժնի պետ), Հայաստանի  հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պրոպագանդայի խմբագրություն (խմբագիր), (ավագ խմբագիր), Ազգային ռադիոյի հասարակական-քաղաքական, երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրություն (գլխավոր խմբագիր) և այլն: 1998 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում, փոխգնդապետ է: Ծառայության տարիների ընթացքում զբաղեցրել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության բաժանմունքի  պետի, մամուլի բաժնի պետի պաշտոնները: 2005 թվականից ծառայում է ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում  որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

Ծառայությանը զուգահեռ աշխատում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում՝ դասավանդելով «Վերլուծական տեքստաբանություն» և «Թարգմանության տեսություն և պրակտիկա» առարկաները: Նրա թարգմանությամբ առանձին գրքույկներով լույս են տեսել իրանցի մի շարք հեղինակների մանկական ստեղծագործությունները՝ «Երեք խնձոր» ընդհանուր խորագրի ներքո: Բարձր գնահատականի է արժանացել «Քալիլա և Դիմնա» միջնադարյան առականիի (5-րդ դար) թարգմանությունը: Ավելի ուշ մշակել, թարգամանել և տպագրել է «Պարսկական ժողովրդական հեքիաթներ»  ստվարածավալ ժողովածուն,  որը  2012 թվականին  արժանացել է Իրանի  Իսլամական  Հանրապետության  բարձրագույն՝ պետական մրցանակի և ճանաչվել «Տարվա գիրք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող: Նրա գրչին են պատկանում նաև պարսիկ հայտնի դրամատուրգներ Մ. Չարմշիրի «Սիրերգություն մահվան մասին» և Ա. Նադերիի «Պատը» պիեսների  թարգմանությունը, որոնք լույս են տեսել «Արդի իրանական դրամատուրգիա» ժողովածուում:

Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ մոտ ժամանակներս լույս կտեսնի իրանցի ժամանակակից անվանի գրողների մանկական լավագույն պատմվածք-հեքիաթների պատկերազարդ ժողովածուն՝ «Ագռավի յոթ երազանքները» վերնագրով: Տպագրության է պատրաստվում նաև Զոյա Փիրզադի երկրորդ գիրքը՝ «Զատկի նախօրեին» վիպակների ժողովածուն: Թարգմանչի մի շարք աշխատանքներ տեղ են գտել ՀՀ հանրակրթական դպրոցի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանների մայրենի լեզվի դասագրքերում և ընթերցարաններում:

 G.A.

Scroll Up