Բոդիլ Կատարինե Բյորը սպանդից փրկված Ֆրիտյոֆ-Ռաֆայելին է որդեգրել…

Որքան էլ խոսենք այս մեծ մարդասեր,  բարեգութ կանանց մասին, մեկ է խոսքերը չեն բավարարի գնահատելու նրանց՝  հայ ժողովրդին եղերական օրերին ցուցաբերած անուրանալի օգնության քայլը:

«Հայերն այսօր»-ի անդրադառձն այս անգամ Բոդիլ Կատարինե Բյորին է նվիրված: Հիշեցնենք, որ այս կանայք ընդգրկված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում:

Ցեղասպանության տարիներին հայ ժողովդրի կողքին էր նաև նորվեգացի Բոդիլ Կատարինե Բյորնը: Նա ծնվել է 1871 թվականի հունվարի 27-ին:

1905թ. «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից Բյորնն ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Համագործակցելով գերմանական միսիոներական կազմակերպության հետ` Բոդիլը սկզբնական շրջանում մարդասիրական գործունեություն է ծավալում Մեզրեում (Խարբերդի նահանգ), ապա մեկնում է Մուշ: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին` տեսնելով, թե ինչպես են հայ հոգևորականների, ուսուցիչների և իր օգնականների կողքին նահատակվում նաև իր որբանոցի սաները: Այստեղ Բոդիլը խնամում և մահից փրկում է հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց: Բյորնը նաև լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` որպես ականատես դրանց կցելով փոքրիկ վկայություններ: Նա նաև գրառումներ է կատարել իր հուշատետրերում, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին: 1917թ. Բոդիլ Բյորնը որդեգրում է 1915թ. ծնված և սպանդից փրկված Ռաֆայել անունով մի հայ տղայի: 1917թ. վերադառնալով Նորվեգիա` կնքում է երեխային` նրան տալով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում: Վերադառնալով Մերձավոր Արևելք` Բոդիլը Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում շարունակում է զբաղվել հայ որբերի խնամքով: 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում` 1922թ. անցնում է Հայաստան և Ալեքսանդրապոլում հիմնում որբանոց: Բյորնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում 33 որբուկների համար անսահման բարի այդ կինը դարձել էր բոլորի կողմից սիրված «Կատարինե մայրիկ»: Բյորնի որբախնամ գործունեությունը կասեցվում է 1924թ.` Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից. նրա փոքրիկ որբանոցը լուծարվում է, որբերը տեղափոխվում են Ամերկոմի որբանոցներ: Մինչև 1935թ. Բոդիլ Բյորնը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններում: Բոդիլ Բյորնը մահացել է 1960թ. Նորվեգիայում:

Scroll Up