Իրաքի Հայոց թեմի առաջնորդը նամակ է հղել արքայազն Չարլզին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Իրաքի-առաջնորդ.jpg)
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որդու՝ Հարիի հետ ապրիլի 24-ին այցելելու է Չանաքքալե, և այդ լուրի տարածվելուց հետո Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը հայտարարություն է տարածել, այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է slaq.am կայ-էջից:
Ավելի վաղ նշվել էր նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթը մասնակցելու է Լոնդոնում կայանալիք միջոցառումներին:
Իրաքի հայոց թեմի առաջնորդը բաց նամակ է հղել Չարլզին և Հարիին՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարցում Բրիտանիայի ունեցած պատասխանատվության մասին:
Նա տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Չանաքքալեում կազմակերպվող միջոցառումն իրականում հուշերը ոչնչացնելուն ուղղված քայլ է:
«Չանաքքալեի հաղթանակի միջոցառումն ապրիլի 24-ին նշելը խորհրդանշում է դաժանության ու ժխտման հաղթանակը»,- գրել է արքեպիսկոոսը՝ նշելով, որ Անգլիան 1915-ին տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է համարում, և Ուինսթոն Չերչիլը 1915-ը որպես Ցեղասպանություն է ճանաչել:
«Մեծ Բրիտանիան Ցեղասպանության հանցագործներին պատժելու հարցում խոսք էր տվել, իսկ այժմ՝ 21-րդ դարում, ոճրագործները պարգևատրվում են»,- ասել է նա:
Արքեպիսկոպոսն արքայազն Չարլզին հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքը՝ «Հայերի ցեղասպանությունն ո՞վ է հիշում»: