ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» ներկայացուցիչները ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/glx.jpg)
Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոյին, ծրագրերի և դասընթացների տնօրենի պաշտոնակատար Ջեյմս Բախին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մարիամ Արզումանյանին:
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության գործունեությանը, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանմանն ի նպաստ իրականացվող ծրագրերին և էլեկտրոնային տեղեկատվական կայքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում սպասվող միջոցառումներին:
Չարլզ Էնսիսոն և Ջեյմս Բախը ներկայացրեցին Հայաստանում «Խաղաղության կորպուսի» ծավալած գործունեությունը, համայնքային և գյուղական վայրերում իրականացվող ծրագրերը:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում «Խաղաղության կորպուսի» առաքելության վերաբերյալ՝ ընդգծելով, որ հատկապես իր գործունեության առաջին տարիներին «Խաղաղության կորպուսի» կամավորները զգալիորեն նպաստել են Հայաստանի տարբեր մարզերում և գյուղական վայրերում անգլերենի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական և ուսուցողական ծրագրերում ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: