Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը

2015 թվականի մարտի 2-ին, Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը՝ ընդլայնված կազմով:
Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:
Ընդլայնված նիստը բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը հանձնախմբի անունից Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին և դեսպանատան ողջ անձնակազմին շնորհավորեց դիվանագետի օրվա առթիվ:
Հանձնախումբը քննարկեց ապրիլյան միջոցառումները մայր հայրենիքում և Վրաստանում, առաջիկա անելիքները ապրիլի 23-ին և 24-ին ծրագրված միջոցառումները Թբիլիսիում և հայաբնակ շրջաններում անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը:
Հանձնախմբի նախագահը հստակ ժամանակացույցով ներկայացրեց Վրաստանում, քույր եկեղեցիներում էկումենիկ աղոթքի և հիշատակի երեկոների անցկացումը, հայաբնակ շրջաններում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարերի օծումը:
Կազմակերպվող միջոցառումների շարքում դասվեցին նաև Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի բեմադրությամբ Հիշատակի երեկոն, տեղերում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունը, Մեծ Եղեռնի զոհ մտավորականների հիշատակին մոմավառությունը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վրաստան» թերթի հատուկ համարի հայերեն և վրացերեն հրատարակումը: Առաջարկվեց Թբիլիսիում հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել 100 տնկիների ծառատունկ:
Խոսվեց նաև այն մասին, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումների առանցքային գաղափարաբանությունն են հանդիսանալու.
ա. Հիշողություն, հատուցում, դատապարտում,
բ. Երախտագիտություն այն պետություններին և ժողովուրդներին, ովքեր ապաստանեցին
փրկված հայությանը, և այն միջազգային կազմակերպություններին ու երկրներին, որոնք
դատապարտեցին թուրքական ոճրագործությունը,
գ. Պարտավորություն՝ հանդեպ սուրբ նահատակների,
դ . Վերածնունդ Մայր Հայրենիքի ու Արցախի և համահայկական ձեռքբերումների:
Առաջիկայում համացանցում կտեղադրվի Թբիլիսիում և շրջաններում իրականացվելիք միջոցառումների ճշգրտված ժամանակացույցը:
Նիստի աշխատանքն ամփոփեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, կարևորելով հիշատակի միջոցառումների լայնամասշտաբ և ընդգրկուն իրականացումը:
Վրաստանի հանձնախմբի հաջորդ նիստը կանցկացվի մարտի 23-ին, Ջավախքում:
Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի տարածած մամլո հաղորդագրությունից: