Ամերիկացի փորձագետ. Օբաման պիտի արտաբերի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի դասախոս, ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսը թուրքական «Թըդեյս Զաման» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է արտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։

Ինչպես հայտնում է 1in.am-ը լրագրողի այն հարցին, թե իր կարծիքով այս տարի ԱՄՆ կառավարությունն ինչպես իրեն կդրսևորի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հարցում, Ֆիլիփսը պատասխանել է. «Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում «ցեղասպանություն» եզրը։ Այն ունի 4 չափորոշիչներ. պետք է սպանված լինի ավելի քան մեկ մարդ, և այդ մարդիկ պետք է ներկայացնեն միևնույն էթնիկ, ռասայական և կրոնական խումբը։ Սպանությունը պետք է լինի կանխամտածված, և սպանությունները պետք է կրեն կանոնավոր բնույթ։

«Հայերի հետ կատարվածը լիովին համապատասխանում է այս չափորոշիչներին։ ԱՄՆ-ն պետք է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչի։ Նախագահ Օբամայի անձնական տեսակետն այս հարցի վերաբերյալ բոլորին է հայտնի։ Սակայն երբ դու դառնում ես նախագահ, դու այլևս չունես անձնական տեսակետ, քանի որ այն վերածվում է երկրի պաշտոնական դիրքորոշման: Բավականին օգտակար կլիներ, եթե նա արտաբերեր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:», – ասել է փորձագետը:

Scroll Up