Փարիզի Sobering պատրկերասրահը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ցուցահանդես և բարեգործական աճուրդ է կազմակերպում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի Sobering պատկերասրահը երկու միջոցառում է կազմակերպում: Միջոցառումները կազմակերպվելու են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի աջակցությամբ, գրում է armeniangenocide100.org-ը:

Առաջին միջոցառումը տեղի է ունենալու ցուցահանդեսի տեսքով և կոչվելու է «Ես հիշում եմ Հայոց ցեղասպանությունը»: Ցուցահանդեսին մասնակցելու են միջազգային հարթակում հայտնի արվեստագետներ Լորենս Վայները, Էսթեր Շալև-Գերցը, Ջոնաթան Մոնքը, Անտուան Ագուջյանը, Լորենցո Պուգլիսը, Թրինի Պրադան, Սոֆի Բուվիեր-Աուսլենդերը: Ցուցահանդեսը բաց է լինելու ապրիլի 16-ից մայիսի 5-ը: Այն անց է կացվելու CAC La Traverse-ում, Ալֆորտվիլի և Ստամբուլի Ժամանակակից արվեստի կենտրոններում, ինչպես նաև Լիոնի Բուլուքյան հիմնադրամում:

Երկրորդ միջոցառումը կոչվելու է «100 տարի, 100 արվեստագետ»: Նրա նպատակն է վաճառել 100 արվեստագետի 100 լուսանկար, գեղանկար կամ էսքիզ € 200 գնով 2015թ. հոկտեմբերին:

Այս հատուկ աճուրդի ամբողջ եկամուտը հատկացվելու է «Հայոց հիշողության հետազոտության և պահոցների ասոցիացիային»՝ թվայնացնելու և արխիվացնելու առցանց բեռնված փաստաթղթերի մի մասը:

Scroll Up