Ա. Փոլադյան. «Սիրիայի ժողովրդի հանդեպ Թուրքիայի քաղաքական գործիչների գործելաոճը հայ ժողովրդի հանդեպ իրականացված քաղաքականության շարունակությունն է»

Սիրիական ՍԱՆԱ մշակութային թերթի աշխատակից Մուհամմեդ Ալխիդը հարցազրույց է ունեցել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ, որտեղ վերջինս հանգամանալից անդրադարձել է հայ և սիրիացի ժողովուրդների ճակատագրերի նմանությանը:

Դեսպանը նշել է, որ հայ և արաբ ժողովուրդներն ունեն նույն պատմական անցյալը: Արաբական խալիֆայությունից ի վեր Հայաստանը Սիրիայի հարևան երկիրն էր, մինչև թուրքերի հայտնվելն այս տարածաշրջանում: Վերջիններս աստիճանաբար իրենց արշավանքների միջոցով տիրեցին այս տարածքներին` կցելով դրանք Օսմանյան կայսրության տարածքների հետ:

Անդրադառնալով հայերի բնաջնջմանը` դեսպան Փոլադյանն ասել է.

«Երբ հայ ժողովուրդը սկսեց պահանջել իր իրավունքներն ու անկախությունը, Օսմանյան կայսրությունը սկսեց ոճրագործական քայլերի դիմել` սկսած Սուլթան Համիդի օրերից մինչև Իթթիհատականների կառավարության ժամանակները:

Նույնիսկ Սուլթանի դեմ պայքարող Իթթիհատականները, որոնք հայ ժողովրդին ազատության խոստումներ էին տալիս, դիմեցին ամենավայրագ քայլին` իրականացնելով Ցեղասպանությունը, նրանց դեմ օգտագործելով կրոնական ազդակը:

Այդպիսով, ցանեցին Իսլամական ծայրահեղական սերմերը, որոնց արդյունքներն այսօր տեսնում ենք իսլամիստական ծայրահեղական շարժումների կողմից: Օսմանցի թուրքերն ատելությամբ էին լցված հայերի հանդեպ, սակայն սիրիացի արաբ մուսուլմանը` գրկաբաց ընդունեց տեղահանված հայերին»:

Շարունակելով իր խոսքը պարոն Փոլադյանն նշում է, որ պատմությունը կրկնվում է. այսօր նույնն է կատարվում նաև Սիրիայի ժողովրդի հանդեպ:

Արշակ Փոլադյանն իր խոսքը եզրափակել է հետևյալ խոսքերով.

«Այսօր մենք` հայերս, մեզ պարտավորված ենք զգում մեր սիրիացի արաբ ժողովրդի հանդեպ, որոնք մեզ տեր կանգնեցին մեր արհավիրքի օրերին: Սիրիայի համար այս դժվար օրերին Դամասկոսի մեջ ՀՀ դեսպանատունը շնորհակալագիր է Սիրիայի քաջարի ժողովրդին` հայ ժողովրդի հանդեպ իր վեհանձն կեցվածքի համար»:

Scroll Up