Սահմանապահ զինվորի պես արթուն մնանք, որ չվիրավորվի ու չմեռնի մեր լեզուն. Այսօր Մայրենիի Տոնն է

 

                                            <<Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային

                                  գոյության ու էության ամենախոշոր փաստը>>>:

                                                                            Հովհաննես Թումանյան

 

Թերևս մեր օրերում շատերը կան, որ քամահրանքով են լսում հայոց լեզվով գեղեցիկ խոսելու, արտահայտվելու մասին մտահոգիչ խոսակցությունները, ավելին` բնավ չեն կարևորում մայրենիի պահպանումը, անաղարտությունը… Մինչդեռ, Համո Սահյանի բառերով ասած` <<…Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի>>: Խիղճ, սուրբ հաց, նշխար է մայրենի լեզուն. հողը` հայրենի, լեզուն` մայրենի… Մո°ր լեզուն է բացում մանկան լեզուն, մանկան թոթովանքը, խոսքերն առաջին, ուստի անչափ մեծ ու կարևոր է մոր դերը մայրենի լեզուն ընտանիքում սրբությամբ պահելու, պահպանելու գործում: Ընտանիքից հետո լեզվի պահպանման երկրորդ ու ծանրակշիռ շտեմարանը դպրոցն է , ուսուցիչները: Եթե ընտանիքն ու դպրոցը դաշտն են լեզուն անաղարտ պահելու սուրբ գործում, ապա փողոցն անզոր կլինի որևէ մեկի շուրթերից պոկելու չքնաղ մայրենին և այն ոտնատակ անելու: Առօրյա – խոսակցական հայերենը, հաճախ առատորեն <<համեմված>> օտարահունչ, ժարգոնային բառապաշարով, ցավոք, դարձել է նաև հեռուստաեթերի լեզու: Զանգվածային այս լրատվամիջոցները բացարձակապես մաքուր, անխառն մայրենիի ջատագովը լինելու փոխարեն` հաճախ անում են ճիշտ հակառակը` եթերից ուղղակիորեն տարբեր հաղորդումների, հեռուստասերիալների միջոցով վատը շատ արագորեն կլանող երեխաներին, ինչու չէ, նաև մեծերին` ողողելով փողոցային տգեղ բառապաշարով, սխալ շեշտադրությամբ, ուղղախոսությամբ և ուղղագրությամբ: Մենք այսօր մտահոգված ենք Սփյուռքում ապրող հայության ինքնության պահպանման հարցերով` հավատք, լեզու, ավանդույթների պահպանում, որը, բնականաբար, դրսում ավելի դժվար է… Մինչդեռ այստեղ` Հայաստանում, ուր պետական լեզուն մեր մայրենին է , ուր ոչ մի խոչընդոտ չկա մայրենին պահելու պահպանելու համար, ճիշտ հակառակն է` հայոց լեզուն արժեզրկվում է իբրև հայի խորհրդանիշ, հայի էություն, հայի հավատամք ու գոյություն… Փողոցային լեզուն, ժարգոնը օրեցօր բարգավաճում է, ավելի զանգվածային դառնում անգամ հեռուստատեսային հաղորդաշարերից շատերի հաղորդավարների, հաղորդումների բառապաշարում: Ասես մեր մայրենին անգլերենն է. որքա~ն օտարամոլ ենք դարձել` մեր ոսկեղենիկ մայրենիից երբեմն գերադասելով օտար լեզուն (մասնավորապես` անգլերենը)` գովազդվող երգի հոլովակները, խանութները, գործակալությունները, հիմնարկ-ձեռնարկությունները, հաղորդումների վերնագրերը, սրճարանների, հանդիսությունների սրահների, վարսահարդարման սրահների, անգամ տաքսիների անվանումները կոչում ենք անգլերենով… Հինավուրց հայ ժողովուրդը և աշխարհի հնագույն, նախաստեղծ լեզուն` հայերենը, միշտ հետաքրքրել են օտարազգի հայագետներին, արևելագետներին, պատմաբաններին, և մենք` հայերս, միայն հպարտանալով չէ, որ պիտի կոչվենք հայ, այլ` այդ հարստությունը արժևորելով, հայոց լեզուն, մեր ճոխ ու աղոթաբույր մայրենին սրբորեն պահպանելով: Մեր գոյատևման երաշխիքն է լեզուն, ինչպես Վահան Տերյանն է գրել . <<Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն` կենսունակ է երկրորդը>>: Հայոց լեզուն տիեզերքի նման դեռևս ամբողջովին չուսումնասիրված մի առեղծված է, մի անհատակ ու անհատնում շտեմարան` լի անկրկնելի բառագանձով: <<Հայո~ց լեզու… որքան ավելի ես զբաղվում նրանով, թվում է` ճոխության հրաշք է և ոսկու հանք, որքան մշակում ես, այնքան զտվում է և շողշողում. որքա~ն գույներ ունի և արտահայտչական հնարավորություններ>>,- գրել է Նար-Դոսը: Առ Հայրենիքն ունեցած սիրո ամենավառ ապացույցը մայրենի լեզուն անաղարտ պահելն է , մայրենի լեզվով մաքուր խոսելը և այն սերունդներին ադամանդի փայլով ավանդելը: <<Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն պետք է ոչ միայն սիրել աչքի լույսի պես, այլև իմանալ այն անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն, որպես գործիք, որպես զենք, հղկում է , կատարելագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես անենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն>>,- գրել է Ստեփան Զորյանը:

Այո°, սիրենք, փայփայենք մեր լեզուն, ինչպես մեր ծնողներին, ինչպես մեր զավակներին, ինչպես մեր հող հայրենին, լինենք լեզվի սահմանապահ և չթողնենք, որ այն ոտնակոխ արվի: Լեզուն աղավաղելը, փչացնելը, օտարելը, մոռանալը, դավաճանություն է Հայրենիքի և մեր սրբությունների հանդեպ: Զգո°ն լինենք և անհանդուրժող մայրենին արհամարհողների , ուրացողների և պղծողների հանդեպ:

Սահմանապահ զինվորի պես արթուն մնանք, որ չվիրավորվի ու չմեռնի մեր լեզուն:

 Կարինե Ավագյան 

Scroll Up