«Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը». Ռոլֆ Հոսֆելդի գրքի շնորհանդեսը Գերմանիայում
Պոտսդամում տեղի ունեցավ գերմանացի գրականագետ, փիլիսոփա Ռոլֆ Հոսֆելդի «Tod in der Wüste. Der Völkermord an den Armeniern» («Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը») գրքի շնորհանդեսը։ Այն պարունակում է պատմական կարեւոր տեղեկություններ հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած անմարդկային գործողությունների մասին, որոնք տեղի ունեցան 1915-ի գարնանը և ամռանը, Armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Գալան»։
«Տեղի ունեցավ տեղահանություն, որի իրական նպատակն էր կոտորել հայերին անապատների ճանապարհներին»,- հեղինակը մեջբերում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանի`1915թ.-ին արտահայտած խոսքերը։ «Անապատում նրանց սպասում էր միայն մահ. տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Նրանք թույլ են տալիս, որ թուրքերն իրենց քշեն անապատ` մահանալու այրող արևից ու ծարավից»,- այդպես է արտահայտվել գերմանացի դեսպանը 1915թ.-ին հուլիսին` Բեռլին վերադառնալուց հետո։
Գրքում հեղինակը հարց է բարձրացնում` ինչպե՞ս Օսմանյան Թուրքիան կարողացավ ամբողջ աշխարհի քար լռության եւ անտարբեր հայացքի ներքո իրականացնել այդ ցեղասպանությունը, որն առ այսօր պատմական տաբու է հանդիսանում այդ երկրում։ Հաջորդ հարցն է, թե ինչ՞ը համապատասխան պայմաններ ստեղծեց իրադարձությունների զարգացման և ոճիրն իրականացնելու համար։
Նշենք, որ գրքի հեղինակը Potsdamer Lepsiushaus-ի`«Լեփսիուսի տան» գիտական ղեկավարն է: Բազմաթիվ փաստագրական գրքերի և գիտական հոդվածների հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը ծնվել է 1948 թվականին։ Իր ստեղծագործություններում անդրադառնում է մշակութային և ժամանակակից հասարակությանը հուզող պատմական երևույթներին ու հիմնախնդիրներին։ Արժանացել է տարբեր մրցանակների։ Հոսֆելդը Հայոց Ցեղասպանության փաստը հիմնավորում փաստաթղթերով, գրքեր հրատարակում, մասնակցում գիտաժողովների`տարածելով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութեր ու տեղեկություններ:
Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել Փարիզի պատմահետազոտական թանգարանի տնօրեն և Բեռլինի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր Փեթեր Շյոթլերը (Peter Schöttler):