Արմինե Հարեյան. «Ավելի դժվար է` օտար երկրում, քան օտարի հետ»

Արդեն մի քանի ամիս է Գերմանիայի Ախեն քաղաքում հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում: Նախաձեռնողը Արմինե Հարեյանն է, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրը».

– Արդեն 4 տարի է` բնակվում եմ Բելգիայում. 2010 թվականին ամուսնացել եմ ու տեղափոխվել: Իմ շփումը, սակայն, Գերմանիայի Ախեն քաղաքի հետ է, որտեղ փոքրիկ հայկական համայնք կա և շատ մոտ է այն քաղաքին, որտեղ ես ապրում եմ:

Երբ տեղափոխվեցի Բելգիա, մտածեցի, որ եթե ուզում եմ իմ հայկական ինքնությունը, արմատները պահպանել, պետք է համայնքի հետ շփվել:

Այն փոքրիկ քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, հայեր չկան: Իսկ Ախեն քաղաքում մոտ 50 հայ ընտանիք է ապրում:

Հայկական համայնքը կազմավորվել է 2006-2007 թվականներին և արդեն մեկ անգամ իր ծաղկուն ժամանակաշրջանն ապրել է: Ունեցել է հայոց լեզվի, նկարչության, երգեցողության, գոբելենի, դասընթացներ: Շատ լավ համերգներ, միջոցառումներ են կազմակերպվել:

Պարզապես տարիների ընթացքում շատ ընտանիքներ այլ քաղաքներ են տեղափոխվել և մի փոքր խամրել է համայնքի կյանքը:

2014 թվականից սկսեցի պարբերաբար հաճախել համայնք: 10-15 հոգով ամիսը մեկ անգամ հավաքվում էինք: Սուրճ էինք խմում, զրուցում էինք, ինֆորմացիայով փոխանակվում ու հրաժեշտ տալիս միմյանց:

Ես հասկացա, որ չեմ կարող պարզապես գնալ ու զրուցել: Հայերենս պահպանելու համար կարող էի նաև Skypov-ով զրուցել իմ ընտանիքի, ընկերների հետ: Ես ցանկանում էի ինչ-որ բան անել համայնքի համար:

– Եվ հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ հայերենի դասընթացներ կազմակերպեք:

– Մասնագիտությամբ հայերենի մասնագետ չեմ, բայց մտածեցի, որ իմ գիտելիքները կարող են համայնքին օգտակար լինել: Ասեմ ավելին, ես նույնիսկ մի փոքր հեռուն գնացող նպատակներ ունեի: Մտածեցի, որ եթե հայկական դպրոց լինի, ապա երբ ապագայում երեխաներ ունենամ, նրանք ևս կկարողանան այցելել և հայերեն սովորել: Այս նպատակով նաև, որոշեցի հայերենի դասընթացներ կազմակերպել համայքնում: Խոսեցի համայնքի ղեկավար Ռազմիկ Ավագյանի հետ: Նա շատ լավ մարդ է և նույնպես կարևորում է հայոց լեզվի, պատմության, ավանդույթների պահպանումը: Որոշեցինք, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել: Մտածեցինք, որ դա խթան կհանդիսանա, որ հայերն ավելի հաճախ գան կենտրոն:

Եվ երբ 2014 թվականի նոյեմբերի 4-ին բաց դռների օր կազմակերպեցինք, միանգամից 18 երեխա անդամագրվեց` 5-18 տարեկան, նույնիսկ 2 գերմանացի, որոնցից մեկն իմ ամուսինն է:

Այս փաստը մեզ շատ ոգևորեց: Ես արդեն հուլիս ամսին կապվել էի Սփյուռքի նախարարության աշխատակից Սիրվարդ Համբարյանի հետ: Նա միանգամից, շատ պատրաստակամ առաջարկեց օգնել, դասագրքեր ուղարկել: Այդ ընթացքում մայրիկս մեզ հյուր պետք է գար: Սփյուռքի նախարարությունը նրա միջոցով մի քանի գրքեր ուղարկեց: Այդ գրքերով եմ ես սկսել դասընթացները: Հիմա արդեն նոր գրականություն էլ ունենք: Իսկ նախարարությունը խոստացել է, որ հետագայում էլ ամեն հարցով կօժանդակի:

– Ի՞նչ հաճախականությամբ են դասընթացները կազմակերվում:

– Հունվարից սկսել ենք արդեն ամիսը երկու անգամ հանդիպել: Ցանկություն ունենք կիրակնօրյա դպրոց դարձնել: Սկզբում մի փոքր մտավախություն ունեինք. արդյո՞ք ծնողները կցանկանան, որ իրենց երեխաները դպրոց հաճախեն: Բայց հիմա բոլորը շատ ուրախ են և ոգևորված: Ցանկանում են, որ իրենց երեխաներն անպայման հայերեն սովորեն:

Դասընթացները երկու տարիքային խմբով է կազմակերպվում: Տարբեր է նաև մոտեցումը:

– Միայն հայերեն լեզո՞ւ է դասավանդվելու:

– Ախենում մենք ազգագրական պարերի լավ մասնագետ ունենք` Լուսինեն, ով երկար տարիներ է ինչ Գերմանիայում է բնակվում: Նա էլ երեխաներին անդամագրեց պարի դասերի համար: Ժամանակին համայնքը պարի խումբ է ունեցել, որը մի շարք համերգներ է տվել, պարային բեմադրություններ բեմադրել: Փորձում ենք այդ ամենը ևս վերականգնել:

– Ասացիք, որ դասընթացներին մասնակցում է նաև Ձեր ամուսինը: Ինչպե՞ս եք ծանոթացել:

– Շատ հետաքրքիր ստացվեց մեր ծանոթությունը: Ծանոթացել են Ֆեյսբուքի միջոցով, թեև ոչ բոլոր են սիրում այդ մասին բարձրաձայնել: Բայց ես ոչինչ չունեմ թաքցնելու: Մենք ընդհանուր ընկերներ ունեինք: Սկսեցինք շփվել, հաղորդակցվել: Մի քանի ամիս հետո ես գնացի Գերմանիա, նա մի քանի անգամ եկավ Հայաստան: Դրանից հետո որոշեցինք ամուսնանալ: Այդպես ես տեղափոխվեցի Բելգիա:

– Դժվար չէ՞ օտարերկրացու հետ օտար երկրում ապրել:

– Ավելի դժվար է` օտար երկրում, քան օտարի հետ: Երբ հասուն տարիքում ես ամուսնանում, հասկանում ես, որ պետք է երկուստեք զիջումներ լինեն:

Ինձ համար շատ դժվար էր օտար հողում ապրել` չունենալով ոչ մի բարեկամ, հարազատ, ընկեր: Ես չէի պատկերացնում, որ դա կարող է այդքան դժվար լինել: Նախկինում գործի բերումով շատ եմ ճանապարհորդել և ինձ թվում էր, որ հանգիստ կարող եմ օտար երկրում բնակվել: Բայց երբ գնում ես արդեն ոչ զբոսաշրջիկի կարգավիճակով, հասկանում ես, որ շատ բարդ է: Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք ունեն նաև թղթաբանական և այլ խնդիրներ:

Դժվար է, որովհետև կարոտում ես հայերեն լեզուն: Ինչպես ասացի, այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ, հայեր չկան: Ու երբ պատահաբար հայերեն ինչ-որ բառ էի լսում, երեխայի պես ուրախանում էի: Անմիջապես վազում էի, ծանոթանում` բարև Ձեզ, ես էլ եմ հայ, որտե՞ղ եք ապրում: Ցանկանում էի խոսել, շփվել: Թեև հիմա հաղորդակցության դար է, և կան բոլոր  միջոցները ընկերների, հարազատների հետ շփվելու համար, բայց կենդանի լեզուն, խոսքը լսելը շատ կարևոր է:

Իսկ օտարեկրացու հետ ապրելու ընթացքում, բնականաբար, լինում են խնդիրներ: Եվ հիմնականը` մշակութային տարբերություններն են: Բայց երկուսս էլ հասուն մարդ ենք և հասկանում ենք ու հարգում միմյանց մշակույթը: Նա հարգում և ընդունում է իմ հայկական մշակութային առանձնահատկությունները, մտածելակերպը, ավանդույթները, ես էլ, բնականաբար` իրենը: Կարողանում եմ շատ հանգիստ շփվել նրա ընտանիքի հետ: Տոնում ենք հայկական և գերմանական բոլոր տոները:

– Իսկ շփվում եք գերմաներե՞ն:

– Ո´չ, ֆրանսերեն: Թեև ամուսինս գրեմանացի է, բայց 3 տարեկանից բնակվում է Բելգիայում: Շատ լավ խոսում է գերմաներեն և ֆրանսերեն: Ես ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ֆրանսերեն բաժինը և ինձ համար հեշտ է ֆրանսերեն խոսել:

Բայց քանի որ նրա ընտանիքի անդամները ֆրանսերեն չգիտեն, արդեն Բելգիայում գերմաներեն սովորեցի, հաճախեցի դասընթացների ու հիմա ազատ կարողանում եմ շփվել ամուսնուս ընտանիքի անդամների հետ:

– Իսկ կարո՞ղ է մի օր ընտանիքում հայերեն խոսեք, հատկապես, որ Ձեր ամուսինը դասընթացների է հաճախում:

– Չեմ կարծում, որ հայերենը կդառնա մեր ընտանիքի հիմնական խոսակցական լեզուն: Բայց երբ ընտանիքում երեխաներ լինեն, արդեն իմ և երեխաների շփումը միանշանակ լինելու է հայերեն: Այդ պատճառով էլ ցանկանում եմ, որ համայնքում հայերեն դասընթացներ լինեն: Որ եթե ես էլ չկարողանամ դասավանդել, մեկ ուրիշը շարունակի:

Շատ կարևոր է այդ ամենը ամուր հիմքերի վրա դնել, որպեսզի երեխաները սիրով հաճախեն: Եթե հայկական ընտանիքներում են ապրում, խոսել սովորում են, բայց կարդալը, գրելը խնդիր է այնտեղ ապրող յուրաքանչյուր հայի համար:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Գերմանիա Գերմանիա1 գերմանիա2

Scroll Up