Վերապրողները վանկարկում են, որ ապրողներն ու նահատակները կոտորածների վկաներն են

«Հայերն այսօրի» տեղեկացմամբ, «ALL NEWS» արաբական կայք-էջում Մուհանատ Էլ Հաճ Ալին ներկայացնում է 104-ամյա սիրիացի փախստական Քենե Ֆատոյի պատմությունը, որն այժմ գտնվում է Իրաքի «Դոմիզ» քրդական ճամբարում:

Պատմությունը գրի առել ու կնոջը լուսանկարել է հույն լուսանկարիչ Յասոն Ադանասիասը: Քենեն Ֆատոն հայ քրիստոնյա է եղել, ով կարողացել է 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվել ու հասնել սիրիական Հասիչե նահանգ: Միայնակ դիմակայելով փշոտ ճանապարհի դժվարություններին` անցել է բազմաթիվ կիլոմետրեր, մինչև հասել է հիշյալ նահանգ:

Սիրական այդ քրդաբնակ նահանգում իսլամ քուրդ ընտանիք որդեգրում է Քենե Ֆատոյին, որը թշվառ օրեր է ապրում: Սիրիական արյունոտ հեղափոխությունը, հակամարտությունները ստիպում են Քենեի որդուն բռնելու գաղթի ճամփան: Ռմբակոծություններից փախչելով, մորը շալակն առած, քայլելով հասնում է մինչև քրդական ճամբար` անցնելով իր նախնիների գաղթի ճանապարհը:

Նրանք ապահով տեղ են հասնում, բայց գաղթերից զայրացած (թե´ օսմանական, թե´ սիրիական), Քենեն ամեն օր ցանկանում է տուն վերադառնալ: Այս մասին հույն լուսանկարչին պատմել է նրա որդին, ասելով, որ իր մոր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մեկ դար դաժան օրեր ապրելուց հետո, նա կյանքի վերջին տարիներն էլ ստիպված է ապրել փախստականի կարգավիճակով և ճամբարում:

Հույն լուսանկարիչը նշում է, որ այս կինն իր մեջ խտացնում է երեք ժողովուրդների 20-րդ և 21-րդ դարերի տառապանքները. նա հայուհի լինելով` խոսում է քրդերեն և Սիրիայի քաղաքացի է: Ամբողջ մի կյանք ապրել է չարչարանքներով լի կյանք, որը սկսվել է Հայոց ցեղասպանությամբ, շարունակվել քրդական մեկուսացմամբ և այսօր ապրում է քրդական «Դոմիզ» ճամբարում: Այդ կինը կյանքը սկսել և ավարտում է արտաքսմամբ և կողոպուտով:

Յասոն Ադանասիասը պատմությունն ավարտում է հետևյալ խոսքերով. «Վերապրողները վանկարկում են, որ ապրողներն ու նահատակները կոտորածների վկաներն են»:

Ֆատո, իսլամ հայ

Scroll Up