Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Եվրախորհրդարան.jpg)
«Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ջերոլֆ Աննեմանսը Եվրախորհրդարանին ներկայացրել է միջնորդություն, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
PanARMENIAN.Net հաղորդմամբ, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
– հաշվի առնելով Կանոնակարգի 133-րդ կետը,
– հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները և պատմական տվյալները,
– հաշվի առնելով ցեղասպանության սահմանումը տվող ՄԱԿ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան»,
– հաշվի առնելով 1987թ. հունիսի 18-ի Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը,
– հաշվի առնելով հետագա խորհրդարանական բանաձևերը, որոնք քիչ թե շատ կողմ են արտահայտվել են 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչմանը,
ա. նկատի ունենալով, որ այս բանաձևերը դեռևս չեն դրդել Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը,
բ. նկատի ունենալով, որ այդ իրադարձություններից մեկ դար անց եկել է հաշտեցում նախաձեռնելու ժամանակը,
1. Պաշտոնապես կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել 1915թ. Թուրքիայի տարածքում բնակվող հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը;
2. Հորդորում է Եվրախորհրդարանի նախագահին ուղարկել այս բանաձևը Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների նախագահներին, խորհուրդներին, հանձնաժողովներին:
Միջնորդությունը ստորագրել են Մարին Լը Պենը, Լուի Ալիոն, Մարի-Քրիստին Արնոտուն, Նիկոլա Բեյը, Դոմինիկ Բիլդը, Մարի-Քրիստին Բուտոնեն, Սթիվ Բրիուան, Միրեյ Դ՛Օրնանոն, Էդուարդ Ֆերանը, Սիլվի Գոդդինը, Ժան-Ֆրանսուա Ժալքը, Ժիլ Լեբրետոնը, Ֆիլիպ Լուազոն, Դոմինիկ Մարտենը, Ժոել Մելենը, Բեռնար Մոնոն, Սոֆի Մոնտելը, Ֆլորիան Ֆիլիպպոն, Ժան-Լյուկ Շաֆհաուզերը, Միլեն Տրոշչինսկին, Մատտեո Սալվինին, Մարա Բիցոտտոն, Մարիո Բորգեցիո, Ջանլուկա Բուոնաննոն, Լորենցո Ֆոնտանան, Մարսել դը Գրաաֆը, Հանս Յանսենը, Օլաֆ Սթուգերը, Հարալդ Վիլիմսկին, Բարբարա Կապելը: