«Մայրս ասում էր, որ իր ծննդյան օրը ապրլի 24-ին է…». Արաքս Մանսուրյան
Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների ժառանգ, հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը «Եռագույնին» պատմում է.
– Մեր չորս զավակների` Տիգրանի, Մհերի, Սոնայի և իմ ծնողները, մայրս` Աննա Փամբուկյանը և հայրս` Եղիա Մանսուրյանը, 1915 թվականի սարսափն ապրած որբեր են եղել…
Մայրս հաճախ էր երեխաներիս` Շուշանին և Մարիամին պատմում որբանոցում ապրած իր տարիների մասին: Հիշում էր, թե ինչպես էր Սիմա մոր, Մարգարիտ քրոջ և Հովսեփ եղբոր հետ բռնել գաղթի ճամփան: Թե ինչպես էր մայրը մի երկաթե դարպաս ցույց տալով` ասել, որ թուրքերն իրենց հորը, շատ այլ հայերի հետ, այրել են այդ դռան հետևը:
Պատմում էր նաև, թե ինչպես են Սիմա մայրն ու քույրը` Մարգարիտը, ճանապարհին մահանում: Միայն եղբայրն է մի կերպ փրկվում ու հասնում Բրազիլիա…
Մայրս էլ երբեք չտեսավ իր եղբորը…
Ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մայրս 3 տարեկան է եղել: Նա մեծացել է Սիրիայի Համա քաղաքի որբանոցում:
Հայրիկիս մասին բան չեմ կարող ասել, որովհետև երբ նա մահացավ, ես 12 տարեկան էի…
Հայաստանում, ամեն ապրիլի 24-ին մայրս, փոքրիկ Շուշանիս և Մարիամիս ձեռքերն իր ափերի մեջ դնելով, քայլում էր դեպի Եղեռնի հուշարձան… Մենք` չորս զավակներս գիտեինք, որ մորս ծննդյան թիվը հայտնի չէ: Այդ պատճառով նա ասում էր, որ Ապրիլի 24-ին է ծնվել…