Թուրքիայի ԱԳՆ. Անկարան չի մասնակցի Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին
Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և ներկայացված չի լինի Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին:
Այդ մասին է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանչու Բիլգիչը, գրում է PanARMENIAN.Net-ը՝ թուրքական լրատվականներին հղում անելով:
Անդրադառնալով Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ թուրք դիվանագետը նշել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել շատ երկրների ներկայացուցիչներ: Բացի այդ, ապրիլի 23-ին Թուրքիայի կառավարությունը «Խաղաղության գագաթնաժողով» է կազմակերպում Ստամբուլում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:
ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: