Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված մի շարք ցուցադրություններ կանցկացվեն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ստամբուլի Դեպո մշակույթի և արվեստի կենտրոնը կազմակերպում է մի քանի ցուցադրություն Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում սպանված կամ օջախները ստիպողաբար լքած ընտանիքների մասին: Այս մասին գրում է armeniangenocide100.org կայքը:

Առաջին՝ «Հայկական ընտանեկան պատմություններ և կորուսյալ բնապատկերներ» ցուցդրությունը բաղկացած է Հելեն Շիհանի կողմից իրականացված ուսումնասիրությունից և լուսանկարներից և պատմում է երեք ընտանիքների մասին, ովքեր ներկայումս ապրում են հայկական սփյուռքում:

Ցուցադրությունն արդեն բաց է Ստամբուլի Թոֆանե թաղամասում, փոխանցում է թուրքական Today’s Zaman պարբերականը:

Իռլանդացի նկարչուհի Շիհանը սկսել է հետաքրքվել այս թեմայով, երբ 1990-ականներին դասավանդում էր Վենետիկի Սբ. Ղազար կղզու հայկական Մխիթարյան միաբանության դպրոցում: 2009-ին նա սփյուռքի հայության մասին ուսումնասիրություն անցկացրեց, և Փարիզում ու Լոնդոնում գտավ այս ընտանիքների անդամներին:

Ինչպես բացատրում է Դեպո կենտրոնի ծրագրերի ղեկավար Ասենա Գյունալը,  ցուցադրության նպատակն է հայ ժողովրդի կորած անցյալը ներկայացնելը:

«Մենք փորձում ենք ցույց տալ մարդկանց պատմությունները և վստահ ենք, որ սա ավելի արդյունավետ է, քան թվեր կամ փաստեր ցույց տվող փաստաթղթերը: Սա շատ կարևոր տարի է, քանի որ լրանում է ցեղասպանության 100-ամյակը: Ուստի մենք կցուցադրենք ոչ միայն սփյուռքում ստեղծագործող հայերի աշխատանքները, այլև թուրք արվեստագետներինը»,-ասել է Գյունալը:

Scroll Up