Մոսկվայում Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
«Օրհնվի՜ շնորհքդ, Սու՛րբ Սարգիս։ Վաղն առավոտյան, երբ բարձրանանք վանք ուխտի, ձյան վրա կտեսնենք մեր զորավարի ոտնահետքերը»,- այսպես արձագանքեց ալյուր մաղող մայրն աղջկա՝ ձյունառատ սար ու ձորի հիացական բացականչությանը և այս տողերով մեկնարկեց Մոսկվայի «Հայորդյաց տանը» արագահաս սիրո բարեխոս սրբին նվիրված միջոցառումը։
Միջոցառման հեղինակներ Նելլի Մելքոնյանն ու Սիլվա Գյուլիշյանն իրենց սաների միջոցով ներկայացրեցին տոնի խորհուրդը և տոնական ավանդույթները։
Ուսուցչուհիները բեմադրել էին փոքրիկ սիրո պատմություն, թե ինչպես արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդը խնդրում է սիրած աղջկան սպասել իր վերադարձին, իսկ վերադարձի համար խոստացված ժամկետի ավարտից հետո դիմում Սուրբ Սարգսի օգնությանը՝ փափագի իրականացմանն աջակցելու համար։ Սիրահարների ցանկությունը կատարելուց հետո Սուրբ Սարգսի կերպարը դիմում է հանդիսատեսին՝ ամենայն բարին ու գովելին սիրելու կոչով։
Պատմության ուսուցչուհի Սիլվա Գյուլիշյանն ու հայոց լեզվի ուսուցչուհի Նելլի Մելքոնյանը միջոցառման շեշտը դրել էին ոչ միայն գեղեցիկ տեսարանների, ամփոփ սցենարի, այլև հայկական գեղեցկագույն տարազների ներկայացման վրա, որի ընթացքում սաները ոչ միայն ներկայացրեցին տոնին մատուցվող կերակրատեսակները, այլև, կոտրելով բեմ-հանդիսատես անտես անջրպետը, փոխինձ հյուրասիրեցին ներկաներին։
Միջոցառումն իրենց գեղեցկագույն կատարումներով փոխլրացրեցին Լենա Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերի սաները, մենակատար Անի Պապյանը, իսկ բեմը հայկական պարի նազանքով լցնելուն աջակցեցին Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարած «Վարդավառ» պարային համույթի սաները։
Հանդիսատեսը սիրով և հաճույքով ձայնակցում էր հոգեթով երգերին և միանում բեմում սկիզբ առած և դահլիճ տեղափոխված պարերին։
Ներկաները միաժամանակ իմացան, որ Սուրբ Սարգսի տոնը միայն փոխինձ պատրաստել և ժողովրդական սովորության համաձայն աղի բլիթ ուտելը չէ, տոնի մեծագույն պատգամը Սուրբ Պատարագին մասնակցությունն ու միմյանց հանդեպ սիրով ու նվիրումով լցվելն է։ Իսկ միջոցառումն ավարտվեց հետևյալ տողերով․ «Ամբողջ աշխարհը քնած էր, միայն Սուրբ Սարգիսն էր արթուն։ Հազարավոր խնդրանքներ, հազարավոր երազանքներ էին հասել նրան ու թռչում էր իր ձիով Հայոց լեռնաշխարհով և հայ ընտանիքներին բերում հույս, հավատ, իսկ Հայոց աշխարհին՝ խաղաղություն»։
Միջոցառման ավարտին ներկաների անունից կազմակերպիչ ուսուցչուհիներին իր շնորհակալությունը հայտնեց ուսուցչուհի Ալվինա Հովհաննիսյանը՝ նշելով, որ Նելլի Մելքոնյանն ու Սիրլվա Գյուլիշյանը կարողացան յուրովի և նոր շնչով ներկայացնել բոլորիս սիրելի տոնը և մեկ անգամ ևս հիշեցնել տոնի խորհուրդն ու նշանակությունը։
Արմինե Կարեյան
Մոսկվա