Տեղի ունեցավ Լրագրողների համակարգող մարմնի հերթական նիստը ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունվարի 30-ին ՀՀ սփյուռքի նախարությունում կայացավ Լրագրողների համահայակկան համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը: Այն բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստը վարում էր համակարգող խորհրդի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, համակարգող մարմնի անդամներ` ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» (ԱՄՆ) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցներ:
Նիստին հեռակապով միացել էին նաև Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և գրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ):
Դիմելով նիստին ներկա և հեռակապով միացած մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել այսքան վաստակաշատ լրագրողների. դուք ներկայացնում եք այն ամրոցը, որը կոչվում է տեղեկատվական ցանց: Հատկապես այս տարի դուք շատ մեծ անելիք ունեք, և ձեր գործունեությունը, հրապարակումներն ու աշխատանքները պետք է բխեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից երեկ ընդունված համահայկական հռչակագրի տառին ու ոգուն»:
Այնուհետև նախարարը շեշտեց, որ չնայած աննախադեպ ողբերգությանը, հայ ժողովուրդը դրսևորեց իր ազատատենչ ոգին և անկոտրում կամքը, որի արդյունքն այսօր մեր երկու պետական միավորումների` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների առկայությունն է: Հենց նրանց գոյությամբ հնարավոր դարձավ այսօր` 100 տարի անց, ազգովի և պետականորեն ոգեկոչել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, շարունակել պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման համար: Հրանուշ Հակոբյանը Համահայկական Հռչակագրի մի կարևոր նշանակությունն էլ համարեց այն, որ նրանում ամրագրված է հայ ժողովրդի շնորհակալ վերաբերմունքն ու երախտագիտությունը բոլոր այն ազգերին, պետություններին, միջազգային և կրոնական կազմակերպություններին և անհատներին, ովքեր հայ ժողովրդի համար այդ աղետալի օրերին իրենց փրկարար ձեռքը մեկնեցին նրան` հաճախ վտանգելով սեփական կյանքը: Նախարարը ներկաների ուշադրությունը բևեռեց նաև Հռչակագրի այն կարևոր շեշտադրումների վրա, որոնք բացառում են ամեն տեսակի ատելություն և ոխակալություն, հայտնում զորակցություն Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որն այսօր հակադրվում է թուրքական իշխանությունների ժխտողական դիրքորոշմանը` նպաստելով պատմական ճշմարտության և արդարության վերականգմանը: Հռչակագիրն ամրագրում է նաև հայ ժողովրդի ետեղեռնյան կյանքի 100-ամյա նվաճումները` վերածվելով մեր հետագա գործունեության համար ուղենշային փաստաթղթի: Սրանով Հռչակագիրը ձեռք է բերում պատմական անուրանալի նշանակություն:
«Որքան ակտիվ ու գործունյա եղաք, այնքան ուժեղ կդիմադարձեք թուրք-ադրբեջանական քարոզչությանն ու կեղծարարությանը: 2015թ. ակնկալում եմ, որ դուք միասնական կլինեք և ձեր բոլոր ջանքերը համակարգված կներդնեք այդ ուղղությամբ»,- իր խոսքը եզրափակեց նախարարը:
Քննարկվեցին նիստի օրակարգում ընդգրկված հարցերը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» անվանակարգով մրցանակաբաշխության անվանակարգերի և չափորոշիչների հստակեցումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների լուսաբանումը տարածաշրջանային մամուլում և Լրագրողների 7-րդ համաժողովում հնչած առաջարկություններին վերաբերող այլ հարցեր: