Վաղը Նիդերլանդներում տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս տարվա առաջին միջոցառումը

Նիդերլանդներում այս տարվա առաջին հանրային միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տեղի կունենա հունվարի 30-ին Ամստերդամում: Այս մասին «Նիդերլանդական Օրագրին» հայտնում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON):
Միջոցառումը համատեղ կազմակերպելու են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հայ ուսանողական «Գլաձոր» միությունը (ASV Gladzor) Հոլոքոստի հիշատակի օրվա (HMD) շրջանակներում:
«Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին դասախոսությամբ հանդես կգա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող, դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը: Դասախոսությունը կարդացվելու է հոլանդերենով:
Հրավիրվածներին ներկայացվելու է նաև Հոլանդիայում և աշխարհի այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Միջոցառումը, որի մուտքն ազատ է, տեղի է ունենալու Ամստերդամի CREA Muziekzaal սրահում ժամը 15-ից: Տեղերը հարկավոր է ապահովել նախօրոք՝ գրելով info@faon.nl հասցեին:
Միջոցառման կազմակերպման մասին ինֆորմացիա է հրատարակել նաև Նիդերլանդներում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված NIOD/HMD կայքէջը: