Նարեկ Պողոսյան. «Ամենադժվար օրերն են ամենալավը…»

Հաճախ, երբ ինքդ բարդ ու դժվարին ճանապարհ ես անցնում, փորձում ես զավակներիդ ճանապարհը հեշտացնել: Լինում է և հակառակը, որովհետև գիտակցում ես, որ միայն դժվարությունները կարող են կոփել զավակիդ:

Ֆրանսիայում ծնված ու մեծացած Նարեկ Պողոսյանին վիճակված է երկրորդ ճանապարհը, ինչի համար նա ոչ մի վայրկյան չի ափսոսում: Նարեկի հայրը՝ Ջորջ Պողոսյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին: Պատերազմի ավարտին վերադառնալով Ֆրանսիա՝ երկու ցանկություն է ունեցել. մի օր հաստատվել հայրենիքում և որ որդին՝ Նարեկը, անպայման Հայոց բանակում ծառայի:

Այսօր Նարեկը ծառայում է Հայոց բանակում ՝ Մեղրիի զորամասում: Իսկ Նարեկի ընտանիքը հաստատվել է Հայաստանում.

– Փոքր քույրիկս՝ Մարոն, արդեն այստեղ է դպրոց գնում: Մեր ընտանիքն արդեն հայրենիք է տեղափոխվել: Ես մեկ տարի է արդեն Հայաստանում եմ: Հայրիկս նոր է եկել: Ինչո՞ւ ենք տեղափոխվել… (ժպտում է-հեղ.), երևի պատճառը հայրենասիրությունն է:

– Դժվար չի՞ լինի Հայաստանում:

– Ֆրանսիայում էլ է դժվար: Ես կասեի՝ ավելի դժվար է: Հեշտ չէ օտարության մեջ ապրելը: Հետո բարդ երկիր է, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի: Այստեղ կյանք կա, մարդիկ ավելի ուրախ են` անկախ բոլոր դժվարություններից:

– Հայաստանում ապրող մարդիկ ֆրանսիացիներից ավելի ուրա՞խ են:

– Իմ կարծիքով՝ այո: Քիչ բաներով կարողանում են ավելի ուրախ լինել: Դժգոհում են, բողոքում, քիչ փող են ստանում, բայց ուրախ են, քան ֆրանսիացիները:

– Նարեկ, ինչքա՞ն ժամանակ է, որ ծառայում ես

– Արդեն 7 ամիս է:

– Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանում ծառայել:

– 16 տարեկան էի ու եկել էի Հայաստան: Մի օր ինձ զինկոմիսարիատ կանչեցին: Սկզբում զարմացա: Հետո հայրիկիս հետ երկա՜ր զրույց ունեցանք: Նա ասաց, որ լավ կլիներ, որ ես ծառայեի: Սկզբում ծիծաղեցի, ասացի` չգիտեմ, բայց  խոստացա մտածել: Ու սկսեցի մտածել:

Հետո հայրիկս մեջս հայրենասիրություն արթնացրեց, պատմություններ պատմեց Եղեռնի, մեր ընտանիքի, Արցախյան պատերազմի մասին, որին նա մասնակցել է: Այդ ամենի մասին պատմող ֆիլմեր ցույց տվեց: Ու միանգամից որոշեցի մեկնել ծառայության: Պետք է անեի այս քայլը, հիմա եմ հասկանում, թե ինչու…

– Ինչպե՞ս էիր պատկերացնում բանակային կյանքը:

– Մի քիչ այլ էր իմ պատկերացրածը: Բայց ինչ էլ լինի, ինչքան էլ դժվար լինի՝ իմ երկիրն է:

Սկզբում մի փոքր դժվար էր, բայց ես մեծ կամքի ուժ ունեմ: Հետո՝ ամենադժվար օրերն են ամենալավը:

Հույս ունեի, որ ինձ Ղարաբաղ են տանելու և շատ զարմացա, երբ Մեղրի ընկա: Նախապես մտածում էի, որ Պարսկաստանի հետ սահմանն ենք պահելու, հետո իմացա, որ Ադրբեջանի հետ է մեր սահմանը: Եթե այդպես չլիներ, պետք է խնդրեի, որ ինձ այլ սահմանային զորամաս տեղափոխեն:

Դեռ միայն 4 օրով եմ դիրքերում եղել: Այնտեղ ամեն ինչ ուրիշ է: Դժվարությունները, պատասխանատվության զգացումը բոլորիս ավելի են մտերմացնում: Անգամ սպաները, որոնք զորամասում ավելի խիստ են, հաճախ զայրանում են, այստեղ հանդարտվում են, խաղաղվում:

Սահման պահելը մեծ մեծ նշանակություն ունի, զգում ես, որ օգուտ ես տալիս: Դու ամբողջ գիշեր արթուն ես մնում, մինչդեռ այդ ժամանակ Հայաստանի փողոցներով մեկը կարող է հանգիստ քայլել: Միայն այդ ամենի մասին մտածելը, քո արածին ավելի մեծ կարևորություն է տալիս:

– Սիրո՞վ ես ծառայում:

– Այո, պետք է: 2 տարին մեծ փորձ է քեզ տալիս, մեր հիշատակներն ենք պահու, մեր ապրածը: Իմ կարծիքով դժվարություն տեսնելը շատ լավ բան է: Այն շատ բաներում քեզ կարող է օգնել: Այս երկու տարին յուրատեսակ փորձ է, որի մասին կպատմեմ, երբ ծառայությունս ավարտեմ:

Առաջին ամիսները դժվար էր, եթե կամքի ուժս կորցնեի, էլ ավելի դժվար էր լինելու: Մի փոքր նեղվում էի, որ այդ վիճակում եմ, բայց հետո ամեն ինչ անցավ: Կարողացա ինձ հավաքել: Չեմ կարող մոռանալ, թե ինչի համար եմ եկել: Ոչ ոք և ոչինչ ինձ չի կարող կոտրել: Հայրիկս կռվել է Արցախում, ամոթ կլինի, որ ես մի բան չանեմ:

– Հայրիկդ ի՞նչ է ասում այդ ամենի մասին: Ի՞նչ խորհուրդներ է տալիս:

– Միշտ խոսում ենք իրար հետ: Նա միշտ ինձ հիշեցնում է, որ ինքն ավելի դժվարություններ է տեսել, իսկ իմ դժվարությունները անցողիկ են: Նա ինձ շատ բան է պատմել: Նրանք միայն խոզի յուղ են ունեցել, վերմիշել ու հաց: Նա շատ ավելի դժվար օրերի միջով է անցել: Բայց կարողացել է դիմանալ ու հիմա հպարտ է այդ ամենի համար:

Մայրիկիս համար էլ էր դժվար, բայց նա էլ է արդեն հարմարվել: Մարդ ամեն ինչի հարմարվում է: Սկզբում համարյա ամեն օր արտասվում էր, շատ ծանր էր տանում, բայց այդ ամենն անցավ:

Բանակը այնպիսի վայր է, որտեղ բոլոր հոգսերը պետք է մի կողմ դնես ու ամեն ինչի թեթև նայես: Շատ չեմ մտածում:

Շատերն են զարմանում, թե ինչպես եմ Ֆրանսիայի կայնքը թողել ու եկել ծառայելու: Ընդունված խոսք կա՝ բանակ են տանում: Ինձ բանակ չեն տարել, ես եմ բանակ գնացել:

– Զինվորական համազգեստին հարմարվե՞լ ես:

– Սկզբում ոչ մի տարբերություն չէի զգում: Բայց երբ արձակուրդ եկա ու սովորական շորեր հագա, այն ինձ շատ տարօրինակ թվաց:

Այնտեղ լրիվ ուրիշ կյանք է, կարծես ուրիշ աշխարհ լինի: Եթե բանակը չլինի, մարդիկ ինչպե՞ս կարող են ազատ քայել:

– Որոշե՞լ ես, թե ծառայությունից հետո ինչո՞վ ես զբաղվելու:

– Հայրիկս ու ես մտածում ենք գործ դնել Հայաստանում: Մի քիչ դժվար է լինելու, բայց ապագան ցույց կտա…

Ուզում եմ աշխատել: Մասնագիտություն չունեմ, բայց մեծ կամք ունեմ: Օրինակ՝ ինքնուրույն սովորեցի համակարգիչ նորոգել:

– Ֆրանսիայում ընտանիքդ ինչո՞վ էր զբաղվում:

– Տրիկոտաժի գործարան ունեինք, որն արդեն փակել ենք: Ես գործարանում եմ մեծացել, այնտեղ էինք քնում, պապաս, մամաս շատ էին աշխատում, պապայիս լինում էր օրերով չէի տեսնում: Ես էլ եմ նրանց հետ աշխատել:

– Հնարավո՞ր է, որ մի օր մեղադրես ծնողներիդ, որ Հայաստան են տեղափոխվել:

– Ոչ, ես լրիվ ազատ մարդ եմ, կարող եմ ծառայությունից հետո գնալ այն երկիր, որը կցանկանամ: Բայց ինձ ուրիշ երկիր չի հետաքրքրում: Հայաստանում եմ ուզում մնալ: Ես ֆրանսիացիների մտածելակերպը երբեք չեմ սիրել, կարող է տարօրինակ հնչել, բայց ինձ միշտ դուր է եկել հայերի մտածելակերպը:

Ինձ համար կարևոր է հայերի ջերմությունը, այն ջերմ մթնոլորտը, որը տիրում է ընտանիքում, ընկերական շրջապատում, ամենուր: Եվ ամենակարևորը՝ բոլորը հայ են: Կարող ես փողոց դուրս գալ ու առաջին իսկ պատահած մարդու հետ հայերեն խոսել: Միայն սա ինձ շատ է ուրախացնում: Իսկ Ֆրանսիայում քեզ հետ կողք-կողքի ապրում է սևամորթ, արաբ, չինացի, իսպանացի:

– Հայ աղջիկներին հավանո՞ւմ ես:

– Շատ, ավելի շատ, քան ֆրանսիացիներին: Նրանք ավելի լավն են, ավելի շնորհքով են:

-Ընկերուհի ունե՞ս:

– Իմ կարծիքով բանակ գնալուց պետք չի ընկերուհի ունենալ: Չեմ կարծում, որ հեռվից շփվելը ճիշտ է: Ծառայեմ-գամ՝ նոր կտեսնեմ:

– Մի՞շտ ես այսպես լուրջ:

– Եթե լուրջ խոսակցություն է` այո:

– Ի՞նչ երազանք ունես:

– Երազանք… (մտածում է-հեղ.): Դժվար հարց է, չեմ կարող ասել: Երևի… երազանք չունեմ:

– Իսկ ցանկությո՞ւն:

– Գիտեք, եթե երկրի ապագայի մասին մտածելը կարող է երազանք համարվել, ուրեմն ունեմ երազանք: Ուզում եմ, որ այստեղ ամեն ինչ լավ լինի, մարդիկ ավելի լավ ապրեն, դժվարություններ շատ չտեսնեն…

Շատ ուժեղ չեմ խոսելուց…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Հ.Գ. Այսօր հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի օրը: «Հայերն այսօրը» շնորհավորում է Նարեկ Պողոսյանին, Հայաստանի ու Արցախի սահմանը հսկող բոլոր զինվորներին ու մաղթում խաղաղ արշալույսներ…

narek

 

Scroll Up