Պայքարի դաշտում ընկան նաև սփյուռքահայ ազատամարտիկները…

Արցախյան ազատամարտի ժամանակ անկոտրում ոգով և անձնազոհությամբ կենաց-մահու պայքար մղեցին նաև սփյուռքահայ ազատամարտիկները: Նրանք, ամեն ինչ մոռացած, համառ կռիվ էին տալիս՝ կուլ գնալով թշնամու դավադիր գնդակին: Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, «Հայերն Այսօր» -ը ներկայացնում է զոհված սփյուռքահայ ազատամարտիկներից մի քանիսի անցած փառավոր ուղին…Խունկ և խոնարհում Ձեզ, քա՛ջ հայորդիներ…

Karo (1)

Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո), ծնվել է 1962 թվականի մարտի  28-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գերմանիայում. սովորել է Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում, որից հետո ապրելու նպատակով տեղափոխվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք: Տեղեկանալով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակին պատուհասած  երկրաժարշի մասին՝ նա որոշում է գալ Հայաստան և նեցուկ լինել հայրենակիցներին: Կարո Քեհքեջյանը սփյուռքի այն հերոսներից էր, որ կամավոր մեկնեց Արցախ` մասնակցելու ազատագրական պայքարին:  Իսկ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին:

Արցախյան պատերազմի ժամանակ Կարո Քահքեջյանը  իր ընկերոջ` Շահե Աճեմյանի հետ կազմում է Խաչակիրներ ջոկատը, որը մեծ դեր է ունենում Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի կռիվների ժամանակ: Ի դեպ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար է եղել:1991-1993 թվականներին մասնակցել է  ՀՀ Արարատի, Տավուշի, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտակերտի ազատագրության ժամանակ` Մաղավուզի բարձրավանդակի վրա իր ջոկատի հետ հերոսական պայքարից հետո  նահատակվեց «Արաբո» ջոկատի հրամանատար Կարո Քեհքեջյանը:

Սպիտակ Արջի աճյունը ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ վեր է խոյանում  նաև նրա հուշարձանը:

Vigen

Վիգեն ԶաքարյանՎիգեն Զաքարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 15-ին Բեյրութում: 1988թվականին ավարտել է Համազգայինի «Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան» ճեմարանը: Անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միությանը (ԼԵՄ), որտեղ նրան մի շարք պատասխանատու պաշտոններ են վստահվել: Նաև ոսկերչություն է սովորել: 1992 թվականի ապրիլին, իբրև կամավոր, Վիգեն Զաքարյանը մեկնում է Հայաստան և տեղափոխվում  Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման  կռիվներին: Զոհվել է 1992թվականի մայիսի 8-ին Շուշիի շրջանի Զառասլու գյուղում: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ  աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: 2007 թվականին լույս է տեսել «Նահատակություն Շուշիի ժայռերում» գրքույկը, որտեղ զետեղված են Վիգեն Զաքարյանի վկայությունները, ակնարկները, մտքերն ու նամակները:

Վիգեն Զաքարյանը նույնպես թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

 

Mher

Մհեր Ջուլհաճյան – Իսկ Մհեր Ջուլհաճյանը ծնվել է 1967թվականի նոյեմբերի 28-ին Բեյրութում: Երիտասարդ տարիներին անդամակցել է ՀՅԴ «Նաւասարդեան» պատանեկան միությանը և Հ.Յ.Դ. ԼԵՄի «Րաֆֆի» մասնաճյուղին: Մհեր Ջուլհաճյանը ԼԵՄ-ում  վարչական և այլ պատասխանատու պաշտոններ է ստանձնել: 1986 թվականի փետրվարին Մհերը ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի Բնագիտությում ֆակուլտետը: Համալսարանում ցուցաբերելով գերազանց առաջադիմություն՝ 1989-ի դեկտեմբերին գիտության մագիստրոսի աստիճան  է ստանում, որից հետո ուսումը  շարունակում է Երկրաբանության ֆակուլտետում: 1989 թվականին Մհեր Ջուլհաճյանը  Հ.Յ.Դ. «Բաբգէն Սիւնի» պատանեկան միութեան վարիչ է նշանակվում, որտեղ աշխատանքային պարտականությունները շարունակում է մինչև 1989թվականի դեկտեմբեր ամիսը: Այնուհետև 1990 թվականի հոկտեմբերին նա տալիս է դաշնակցականի իր երդումը և համալրում ՀՅԴ ԶՈՄ-ի շարքերը: 1992 թվականին ամուսնանում  է և տեղափոխվում Հայաստան:

Մհեր Ջուլհաճյանը իր զինակից չորս ընկերների՝ Մերուժան Մոսիեյանի, Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի  հետ զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին Արցախի Մարտունու  շրջանի Մարզիլի գյուղի մոտ:

Monte

Մոնթե Մելքոնյան – ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում էլ գիտակցել է իր հայ լինելը:

1973 թ., որպես գերազանց առաջադիմությամբ աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունները մեծապես նպաստել են նրա աշխարհայացքի և  անհատականության ձևավորմանը:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար:

1987թ. մարտի 15-ին մեկնել է Լիբանան` հայրենիքին մոտ լինելու և հայերեն սովորելու համար: Անգլերեն լեզվով ելույթ է ունեցել ապրիլի 24-ին Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ արվարձանի ազգային դահլիճներից մեկի դահլիճում Սփյուռքի հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի` հայոց ցեղասպանությունը խորհրդանշող միջոցառման ժամանակ:

Նույն տարվա մայիսին Լիբանանից մեկնել է Իրան` այդ երկրի հայկական հոծ գաղութին ծանոթանալու համար: Հավթվանում մասնակցել է «հող ու մշակույթ» միության նախաձեռնած պեղումներին: Դժբախտաբար, հետագայում այլևս ժամանակ չի ունեցել զբաղվելու իր մասնագիտությամբ:
Ամռանն Իրանում կեցության պայմանագրի ժամկետը լրացնելու պատճառով դրսից վերստին մուտքի արտոնագիր խնդրելու նպատակով` մեկնել է Աֆղանստան, որտեղ տասնութ օր է մնացել:
1978թ. հոկտեմբերին վերադարձել է Լիբանան և երկու տարի մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանությանը:

1979թ. ամռանը, ծնողների ամուսնության 25-ամյակի առթիվ վերջին անգամ վերադարձել է ծննդավայր և այնտեղից անմիջապես մեկնել Իրան:

1979թ. սեպտեմբերին Իրանից վերադարձել է Լիբանան և մինչև 1980թ. մայիսը մնացել Բուրջ Համուդում:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում: Ապա ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:

Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա` Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:

1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ:

1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն և Սեդան ամուսնացել են: Պսակադրությունը կատարվել է Գեղարդավանքում:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան, մասնակցել Էրքեշ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երևան` հավաքել է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին և միանալով «Կոռինձոր» ջոկատին` կրկին մեկնել է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:
1992թ. փետրվարի 4-ին, երբ պատրաստվում էր ջոկատով մեկնել Արցախ, ուղղաթիռի մոտից հրավիրում են հեռախոսի մոտ, և Վազգեն Սարգսյանը հայտնում է, որ նա նշանակված է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: 1992թ. ամռան ամենթեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռևս մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում է Արցախի սահմանները` ներառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո:

1992 թ. սեպտեմբերի 4-ին Մոնթեի հրամանատարությամբ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրավեցին Ավդալ-Գյուլաբլու ռազմական հենակետը:

1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:
1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու և Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվեցին ՀՀ Ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումները:

Պատրաստեց՝ Գևորգ Չիչյանը

Scroll Up