Ադրբեջանի սադրիչ գործողությունները թույլ չեն տալիս ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց գրանցել. էդվարդ Նալբանդյան

Այս մասին հունվարի 26­-ին նախորդ տարվա դիվանագիտական աշխատանքի ամփոփման ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ռազմական հռետորաբանությունը, հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը հայ­ադրբեջանական սահմանին և ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում զգալիորեն ավելացել են, ինչը թույլ չտվեց առաջընթաց գրանցել ոչ միայն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների իրագործման, այլ նաև փոխադարձ վստահության ձեռքբերման հարցում»,­ նշեց Նալբանդյանը:

Artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հանդիպումներ կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որտեղ ընդգծվեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Սակայն ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումը և ուղղաթիռի անկման վայրը շուրջ 10 օր կրակի տակ պահելը զգալի լարվածություն առաջացրեց, ինչն արժանացավ միջազգային հանրության արձագանքին»,­ նշեց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ՀՀ և ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը:

2014թ. ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ` օգոստոսի 10­ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4­-ին` Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ եւ հոկտեմբերի 27­ին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ:

Scroll Up