Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվել Գերմանիայի 7 քաղաքներում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/dink-germany6.jpg)
Գերմանիայի 7 քաղաքներում՝ Բեռլին, Հաննովեր, Դորթմունդ, Քյոլն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ և Մյունխեն, հայ համայնքի երիտասարդները հունվարի 17-ին միաժամանակյա ակցիա են իրականացրել՝ ի հիշատակ Հրանտ Դինքի՝ բեմադրելով թուրք ազգայնականների կողմից հայ մտավորականի սպանությունը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Երիտասարդներից մեկը մի քանի ժամ շարունակ պառկած է մնացել գետնին՝ ծածկված սպիտակ սավանով, նրա չորս կողմը կարմիր ժապավեններով առանձնացվել է, իսկ մեկ այլ հայ երիտասարդ բարձրախոսով ներկայացրել է ոչ միայն Դինքի սպանությունից մանրամասներ, այլ նաև պահանջել Գերմանիայի և Եվրոպայի ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Նաև պարզված է եղել ցուցապաստառ. «Ես սպանել եմ անհավատներին» գրությամբ։
«Մենք մի խումբ երիտասարդներ ենք ու այս ակցիայով ցանկանում ենք ամբողջ Գերմանիայի և Եվրոպայի ուշադրությունը հրավիրել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վրա։ Մենք քրիստոնյա ենք և ցանկանում ենք, որպեսզի Գերմանիան պաշտոնապես ճանաչի Թուրքիայի կողմից իրականացված մեր նախնիների՝ հայերի, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունները»,- բարձրախոսով հայտարարել են ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ հիշում են նաև Հրանտ Դինքին, ով սպանվել է թուրք ազգայնամոլների ձեռքով միայն նրա համար, որ անկաշկանդ խոսում էր 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած ցեղասպանության մասին։ Տեղեկացրել են, որ մինչ օրս Թուրքիային չի հաջողվում պարզել 2007թ-ին տեղի ունեցած սպանությունը՝ փոխարենը արդարացնելով 18 ամբաստանյալների։
«Պատահականությո՞ւն էր սպանությունը, թե արդեն բոլորին ծանոթ թուրքական ձեռագիր»,-հարցրել են նրանք։
Հայ երիտասարդները նաև բարձրաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին, թե ինչպես է այդ երկրում վտանգված մարդու իրավունքները, քանի թուրք լրագրողներ են այսօր բանտերում և հավելել, թե դա խոսում է այն մասին, որ Թուրքիայում խոսքի ազատությունը վտանգված է։
«Մենք պահանջում ենք, որպեսզի պաշտոնապես ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, դպրոցներում ուսուցանվի դրա մասին, և որ Թուրքիան փոխհատուցի, ինչպես Հոլոքոստի դեպքում էր»,-նշել են նրանք։