Անգնահատելի նվերներ Հալեպից
Հունվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, ով նախարարություն էր այցելել շատ կարևոր առաքելությամբ, սփյուռքի նախարարությանը հանձնելու Սոսե Պարոնյանի նվիրատվությունը՝ ի հիշատակ իր ծնողների՝ Մովսես և Մարգրիտ Պարոնյանների: 14 անուն հնատիպ գրքերը ոչնչացումից փրկել ու Խարբերդից Սիրիա են հասցրել Ցեղասպանությունը վերապած նրա հարազատները:
Նախարարը երախտագիտություն հայտնեց արժեքավոր նվերի համար: Նա մասնավորապես ասաց. «Անսահման շնորհակալ եմ Սոսե Պարոնյանին, հայրենասեր ու ազգասեր աղջկան, ով տարիներ շարունակ պահել, պահպանել է այս մասունքները և Ցեղասպանությունից 100 տարի անց հասցրել Հայրենիք: Այս գրքերը կհանձնվեն Մատենադարանին, ուսումնասիրությունների անսպառ աղբյուր կդառնան գիտնականների համար: Սա մեծ նվեր է, որ այս խորհրդանշական տարվա սկզբում մատուցվեց հայ ժողովրդին»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Հալեպում գործող գլխավոր հյուպատոսությանը, շտապօգնության մարմնին, Ժիրայր Ռեիսյանին, Հալեպում գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, որոնց մեծ ջանքերի շնորհիվ նվերը հասել է Հայաստան:
Զրույցի ընթացքում անդրադարձան Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին ու դժվարություններին: Նախարարը իր զորակցությունը հայտնեց Սիրիայում տառապող մեր հայրենակիցներին, ովքեր դժվարին պայմաններում գոյատևում են, պահպանում են ինքնությունը: