Գրիգոր Բասմանջյանը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով
Օրերս Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց Սուրբ Պատարագ:
Պատարագի ավարտին Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը փոխանցեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Սրբատառ կոնդակով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան է շնորհվել Գրիգոր (Գրեգ) Բասմաջյանին:
Գրիգոր Բասմանջյանը Սինգապուրի հայկական համայնքի հնաբնակներից է: Երկար տարիներ եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մեծ ներդրում է ունեցել Սինգապուրի հայկական 179-ամյա եկեղեցու պահպանման և շենացման գործում: Գրիգոր Բասմանջյանն առ այսօր ծառայում է Հայ Առաքելական եկեղեցուն և մեծ գործեր է կատարում հայկական եկեղեցիների պահպանման համար ինչպես Սինգապուրում, այնպես էլ Յանգոնում, Մյանմարում, Դհակայում:
«Սինգապուրի հայկական համայնքը և եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը հպարտ է և ուրախ, որ Գրիգոր Բասմանջյանը նման բարձր պարգևի արժանացավ: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բուդաղյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը հաստատվել է 1919 թվականին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։
Շքանշանը պատրաստվում է ոսկուց և զարդարվում փոքրիկ ադամանդներով (50×40մմ)։ Աջ և ձախ կողմերից երիզված է դափնու և կաղնու ճյուղերով, որոնց մեջ՝ վերին հատվածում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդանշանն է՝ խույրով, խաչ-գավազանով, հովվական (եպիսկոպոսական) գավազանով, կոնքեռով և եմիփորոնով (ծայրերին գրվում են ժամանակի Հայրապետի անվան սկզբնատառերը՝ Գ» և «Բ» (Գարեգին Բ)։ Իսկ ներքին հատվածի կենտրոնական մասում Սուրբ էջմիածնի Մայր տաճարն է` Արարատ լեռան համապատկերին՝ «Սուրբ էջմիածին» մակագրությամբ։