Հասան Ջեմալը Երեւանում երկրորդ թեժ հանդիպումն է ունեցել
Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի երեւանյան հանդիպումներում պահպանվում է թեժությունը: Երիտասարդ հայ թուրքագետները Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանության» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսից (որի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ-խմբ.) մնացած հարցերն ու անհանգստությունները դեկտեմբերի 12-ին հնարավորություն ունեցան անձամբ հասցնել հեղինակին: Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանն ուսանողները հստակ կերպով վերահաստատեցին իրենց պահանջատիրությունը Հայոց ցեղասպանության և պատմական հայկական հողերը վերադարձնելու հաստատակամության հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման սկզբում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը Ջեմալին հիշեցրեց, որ հավաքվածները եկել են ոչ թե նրան ծափահարելու, այլ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:
Թեպետ ողջ հանդիպման ընթացքում թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալը պարբերաբար կրկնում էր, որ պատրաստ է պատասխանելու ցանկացած հարցի, այդուհանդերձ շատ դեպքում ակնհայտորեն շրջանցում էր հարցի բուն պատասխանը` ինչ-ինչ թռուցիկ հայտարարություններ անելով, ինչը, բնականաբար, հարուցում էր երիտասարդների զայրույթը: Իսկ ներկաներից մեկն էլ, ցանկանալով Ջեմալի թոռանը հասկացնել, որ ԱՍԱԼԱ-ի անդամները որևէ կապ չունեն ահաբեկչական կամ ավազակային խմբավորումների հետ, ինչպես նախօրեին ասել է Հասանը, և նրանք ոչ թե ավազակներ են, այլ վրիժառուներ, հանդիպման սկզբում պահել էր պաստառ հետևյալ գրությամբ. «Բոլորս Նեմեսիս ենք, բոլորս Ծաղիկյան ենք» (խմբ.- Ստեփան Ծաղիկյանը Նեմեսիս գործողության շրջանակներում մասնակցել էր 1922 թվականին Թիֆլիսում Ջեմալ փաշայի մահապատժին):
Ներկաների հարցադրումների մեջ կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ հայ ժողովուրդն արդեն վաղուց դադարել է բավարարվել միայն «ցեղասպանություն» բառն արտաբերելով և դնում է հարցն իրավական դաշտ փոխանցելու և փոխհատուցում պահանջելու խնդիրը: Անդրադառնալով փոխհատուցման խնդրին` Հասան Ջեմալը սկզբում խուսափեց հստակ որևէ պատասխան տալուց` նշելով, թե ինքը Թուրքիայի Հանրապետությունը չի ներկայացնում և որևէ բան փոխհատուցելու լիազորություններ չունի:
Հանդիպման վերջում միայն նա նշեց. «Ես այսօր խոսում եմ, որպես Հասան Ջեմալ, որպես գրող: Ես պետություն չեմ: Սակայն եթե ես լինեի Թուրքիայի Հանրապետությունը, ես նախ ներողություն կխնդրեի հայերից, երկրորդը` կընդունեի Ցեղասպանությունը, երրորդը` դասագրքերը կվերաշարադրեի, չորրորդ` հայկական մշակույթը, հայկական հետքերը նորից ի ցույց դնելու համար քայլեր կձեռնարկեի, հինգերերոդը` բոլոր ցանկացողներին Թուրքիայի քաղաքացիություն կտայի, վերցրերորդը` կնստեի և կխոսեի փոխհատուցման մասին»:
Ներկաները փորձեցին հասկանալ` արդյոք Հասան Ջեմալն Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևի հետևորդն է, որ իր գրքում շարադրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ թեզերը: Ի պատասխան այս հարցի` Ջեմալը նշեց, որ տեղյակ է, թե դա ինչ նուրբ հարց է հայերի ու Հայաստանի համար` փորձելով այն համեմատել Թուրքիայում քրդական հարցի հետ: Պնդելով, որ չի հանդիսանում ներկայիս Ադրբեջանի ջատագովն ու կողմնակիցը` այդուհանդերձ թուրք հեղինակը խուսափեց այս թեմայով ավելի բան ասելուց:
Ջեմալը հարցերի շեշտադրումներից ելնելով ընդգծեց, որ եթե Հայաստանում ուսանողները իրեն քննադատում են այս կամ այն խնդիրը այլ կերպ մեկնաբանելու համար, ապա Թուրքիայում ևս ինքը քննադատության է արժանանում ցեղասպանության մասին խոսելու համար ` կոչվելով «հայրենիքի դավաճան»: Նա մի քանի անգամ կրկնեց հետևյալ միտքը. «Եթե ես անեմ այնպիսի հայտարարություններ, որոնցով ձեզ կհաճոյանամ, դա խոսքի ազատություն չի լինի: Խոսքի ազատություն այն է, երբ արտահայտում եմ մտքեր, որոնք կարող են և ձեզ դուր չգալ»:
Հանդիպման վերջում խոսեց նաև Ջեմալ փաշայի մահապատիժը կազմակերպած հայ վրիժառուներից մեկի` Արտաշես Գևորգյանի թոռը` Արմեն Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց Հասանին` Ցեղասպանության հարցում վերջինիս դիրքորոշման համար: «Հայ- թուրքական հարաբերությունների մեջ ամենակարևորը հավատն է: Ես հավատացի այս մարդուն, հավատացի, որ նա ամեն բան անում է ի սրտե և գիտակցաբար»,- նշեց Գևորգյանը` կարևորելով Ջեմալի ներդրումը Թուրքիայում հայկական հարցի քննարկման գործում:
Շեշտելով, որ կան հարցեր, որտեղ հայերի և Հասան Ջեմալի կարծիքները չեն համընկնում, այդուհանդերձ Գևորգյանը ընդգծեց, որ խնդրին թշնամաբար մոտենալը ճիշտ չէ: