Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը` գիտական և կարևոր կրթօջախ

Հայագիտությունը, լինելով Հայաստանի Հանրապետության առաջնային գիտահետազոտական ուղղություններից մեկը, այսօր էլ շարունակում է հաստատուն առաջընթաց արձանագրել: Այս հարցում իր ներդրումն ունի նաև Երևանի պետական համալսարանը: Շարունակելով հայագիտության հանդեպ 1919 թ.-ից ցուցաբերվող առանձնահատուկ մոտեցումը՝ Մայր բուհում տրամաբանական շարունակություն եղավ 6 տարի առաջ ԵՊՀ կազմում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ստեղծումը: Նախաձեռնության հեղինակն է ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով անձամբ ղեկավարելով այդ գործընթացը՝ իր շուրջ հավաքեց հայագետ համալսարանականների և կարճ ժամանակում հաջողեց արդի գիտահետազոտական կառույց ստեղծել:

Ինստիտուտի մասին առավել մանրամասն տեղեկություններ քաղեցինք ՀՀԻ փոխտնօրեն պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի հետ մեր զրույցի ընթացքում:

Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս է ստեղծվել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին: Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը, ինչն էլ ի կատար ածվեց ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ: Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց: Հրատարակվել և վերահրատարակվել են հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ստեղծումը: Ըստ էության Ինստիտուտը ձևավորվեց արդեն գոյություն ունեցող  ԵՊՀ հայագիտական կենտրոնի, ԵՊՀ հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաների, հայ-վրացական կապերի կենտրոնի և հայ-օսմանական առնչությունների բաժնի հիման վրա:

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր  Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Ինստիտուտը պետական ֆինանսավորում ունի, որը իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից:

–  Իսկ ի՞նչ հետազոտություն է իրականացնում ինստիտուտը:

Առհասարակ պետք է նշեմ, որ ինստիտուտի թվով ութ բաժինները (Աղբյուրագիտության, Ցեղասպանագիտության, Հայ-օսմանական առնչությունների, Հայ-վրացական հարաբերությունների, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության, Հայ-քրդական առնչությունների բաժիններ, Հնագիտական հետազոտությունների, Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաներ), համապատասխան իրենց տարեկան ծրագրերի, մասնագիտական հետազոտություններ են իրականացնում հայագիտության համապատասխան ուղղությունների շուրջ՝ իրենց առջև նպատակ ունենալով հնարավորինս կիրառական բնույթ հաղորդել հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքներին: Մենք ձգտում ենք շաղկապել մեր հետազոտությունները Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայ սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների հետ, փորձում ենք դիտարկել հայագիտության ուսումնասիրման թե՛ դասական, թե՛ արդի ուղղությունները: Ինստիտուտի հիմնադրումից ի վեր ընթերցողների լայն շրջանակների դատին ենք ներկայացրել 5 տասնյակից ավելի գիտական աշխատանքներ, մի քանի հարյուրից ավելի գիտական հոդվածներ, Հայոց պատմության ամբողջ ընթացքը ընդգրկող եռահատոր պատմական քարտեզների ատլաս, մասնագիտական 11 համացանցային հայագիտական նախագծեր, 2 մագիստրոսական ծրագիր (Ցեղասպանագիտություն, Հայագիտություն):

2014 թ. սկսվեց հրատարակվել ՀՀԻ «Հայագիտության հարցեր» հանդեսը (տարեկան երեք համար): Հանդեսը միաժամանակ ներկայացվում է համացանցում ՀՀԻ պաշտոնական կայքի միջոցով՝ www.armin.am/am/Journal:

Որքանով տեղեկացված եմ, ինստիտուտը նաև գործակցում է Սփյուռքի որոշ հայկական համայնքների և հայագիտական կենտրոնների հետ: Կպատմե՞ք այդ մասին:

– Ինչպես ասացի, մենք փորձում ենք մեր հետազոտություններին նաև կիրառական նշանակություն հաղորդել, այն ավելի մոտ և հասանելի դարձնել մեր լսարանին, ուստի շատ ենք կարևորում ոչ միայն տեղի, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների պատմամշակութային հարցերի ուսումնասիրությունը: Մյուս կողմից՝ հայագիտության տեսանկյունից կարևորում ենք նաև Հայ սփյուռքի ազգային դաստիարակության խնդիրները:

Այսօր Ինստիտուտը ոչ միայն գործակցում է Սփյուռքի առանձին հայագետների և հայագիտական կենտրոնների հետ, այլ նաև, որպես առաջնահերթություն, փորձում է Սփյուռքում առավել արդյունավետ հետազոտական և կրթական դաշտ ձևավորել: ԵՊՀ օտարերկրյա գործընկեր համապատասխան համալսարանների, ինստիտուտների և նրանց տեղակայման վայրում առկա հայկական առավել կայացած համայնքների հետ փորձում ենք ստեղծել հայագիտական նոր կենտրոններ: Նման օրինակ կարելի է համարել Դոնի Ռոստովի հայագիտական կենտրոնը, որին մոտ ապագայում կավելանա Սոչիի հայագիտական կենտրոնը: Մյուս կողմից արդեն 3 տարի ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում Լիբանանի հայկական համայնքի, ինչպես նաև տեղի Հայկազյան համալսարանի հետ: Պետք է նշեմ, որ այս գործակցությունը դրսևորվում է ինչպես համատեղ գիտաժողովների կազմակերպման, հայագիտական նյութերի հրատարակման, առանձին հետազոտությունների իրականացման, այնպես էլ տարաբնույթ կրթական ծրագրերի տեսքով: 2014 թ. նոյեմբերին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի է ունեցել Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նորաբաց հայագիտական ինստիտուտի հետ ծրագրվում է համատեղ գործակցություն (www.armeniandiaspora.am/am/news/43):

Ինստիտուտը գործարկել է Սփյուռքում Հայոց պատմության ճանաչելիության բարձրացման նպատակով «Հայոց պատմության հիմնահարցեր» եռամսյա հեռաուսուցման ծրագիրը: Լիբանանում, Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության հետ գործակցաբար, ծրագրի շրջանակում արդեն ունենք 18 շրջանավարտ:

2013 թվականից համալսարանում առաջին անգամ Ինստիտուտի շրջանակում գործում է  «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը (www.masters.armeniansgenocide.am), որտեղ ընդունելության շեմը հաջող հաղթահարած սփյուռքահայ ուսանողների համար ուսուցումը իրականացվում է անվճար: 2014 թվականից ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի հետ համատեղ և Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ Սփյուռքում հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցիչների պատրաստման նպատակով գործում է «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը (www.masters.armin.am), որի շրջանակում մինչև 6 սփյուռքահայ ուսանող կարող է ստանալ անվճար կրթություն:

Այս ուղղությամբ, իհարկե, անելիքներ շատ կան, ուստի թե՛ ՀՀ սփյուռքի նախարարության, թե՛ ՀՀ կրթության և կրթության նախարարության հետ մեր ջանքերը պետք է ուղղենք Հայ սփյուռքի հայապահպանության առավել կայուն ընթացքի ապահովմանը:

Ի՞նչ կպատմեք hayazg.info ռուսալեզու հայկական առցանց հանրագիտարանի հայկական տարբերակի մասին:

– Hayazg.info-ն հայկական համացանցային հանրագիտարան է՝ ստեղծված 2007 թվականին Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի կողմից: Նա իր առջև նպատակ էր դրել ստեղծել ռուսերեն լեզվով համացանցային տեղեկատվական հարթակ Հայաստանի և հայերի մասին՝ ռուսալեզու մեծաքանակ համացանցային լսարանին առավել արժանահավատ հայագիտական տեղեկատվություն տրամադրելու:

2014 թ. սկզբին Դոնի Ռոստովի Հայագիտական կենտրոնի շրջանակում ընթացող գործակցությանը զուգահեռ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և հանրագիտարանի հեղինակի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո որոշում կայացվեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ձևավորել հայկական խմբագրություն (am.hayazg.info): 2014-ի մարտի 18-ին hayazg.info-ի հիմնադիր Սերգեյ Սայադովը և կայքի ծրագրավորող, տեխնիկական գծով պատասխանատու Օլեգ Շլիկովը ԵՊՀ ՀՀԻ մասնաշենքում հանդիպեցին ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ հանրագիտարանի հայկական տարբերակը ստեղծելիս: Այսպես, կամավորական հիմունքներով ձևավորվել է ԵՊՀ ուսանողներից բաղկացած հայկական խմբագրությունը: Ծրագրի կայացմանն ու զարգացմանը իր աջակցությունն է ցուցաբերում նաև Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար Հարություն Սյուրմալյանը: Հատկանշական է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը անմասն չի մնացել այս հայրենանվեր աշխատանքի աջակցության ցուցաբերման հարցում: Հույս ունենք, որ առաջիկայում ևս նախարարությունը էլ ավելի կընդլայնի հանրագիտարանի հետ կապված իր աջակցության ծրագրերը:

Պարո՛ն Հովհաննիսյան, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իր 6-ամյա կենսագրությամբ հսկայական քայլեր է արել և բազմաթիվ ծրագրեր իրականացրել, իսկ ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաներով:

– Ծրագրերը բազմազան են և բազմաթիվ: Ինչպես ամեն տարի, գալիք տարում ևս մեր տարեկան գիտական ծրագրի շրջանակում կնախատեսվեն հայագիտական ուսումնասիրությունների իրականացում և հրատարակում, որոնցում շեշտադրված կլինի Հայոց ցեղասպանության թեման: Նախատեսում ենք մեր մասնակցությունը ցուցաբերել, ինչպես նաև կազմակերպել համատեղ մեր գործընկերների հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողովներ: Ինստիտուտի «Հայագիտության հարցեր» հանդեսի 2015 թ. 1-ին համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության  թեմային, իսկ 3-րդ համարը, նվիրված լինելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կանդրադառնա ռուսաստանյան հայագիտական տարաբնույթ խնդիրներին՝ կազմված բացառապես, Դոնի Ռոստովի հայագիտական կենտրոնի գլխավորությամբ, Ռուսաստանի հայագետների պատրաստած հոդվածներից:

Կարինե Ավագյան                                       

Scroll Up