Դավիթաշեն համայնքում սիրիահայերի համար բազմաբնակարան շենք է կառուցվում (տեսանյութ)

Սիրիահայերին աջակցելու համար ստեղծված «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի նախաձեռնությամբ Դավիթաշեն համայնքում բազմաբնակարան շենք է կառուցվում: Այս մասին հայտնում է Yerkirmedia.am-ը:

Պատերազմի հետեւանքով հայրենիք տեղափոխված սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքի՝ ամիսներ առաջ սկսված շինարարական աշխատանքին զուգահեռ, հիմնադրամի անդամները կարգավորում են նաեւ իրավական հարցերը, շահառունների հետ կնքում պայմանագրեր՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

«Իրավական հարցերը կարգավորած են, գործում է ճկուն գնային քաղաքականություն»,- ասաց հիմնադրամի ֆինանսական կոորդինատոր Հայկուհի Նալբանդյանը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Թաթուլ Հարությունյանը վստահեցնում է՝ այս շենքը հայրենիքում ապրող սիրիահայերի մի փոքր հատվածի կացության խնդրի լուծումն է: Իրենք ըստ ժամանակացույցի են աշխատում, բայց այս հարցում էլ անհրարժեշտ է նաեւ դրսում ապրող մեր հայրենակիցների աջակցությունը: Այս պահի դրությամբ զբաղեցված են բնակարանների միայն 40 տոկոսը, եւ զրուցակիցս ասում է՝ լավ կլիներ, որ շահառուների թիվն ավելանար:

«Հիմնադրամի առաջիկա երկու տարիների գործունեության առանցքը լինելու է այս բազմաբնակարան շենքի կառուցումը»,- ասաց Թաթուլ Հարությունյանը։ 14 հարկանի այս շենքը կունենա 78 բնակարան: Առաջին հարկում լինելու են նաեւ առեւտրային նշանակություն ունեցող տարածքներ եւ ավտոկայանատեղ:  Շատ կարեւոր սոցիալական ծրագիր է՝ ասում են նախաձեռնության անդամները: Բնակարաններ շահառուներին կհանձնվեն ներքին բոլոր հարմարություններով եւ շուկայականից ցածր գներով: Շինարարներն ու հիմնադրամի անդամները խոստանում են՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, աշխատանքը կավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետում, այսինքն, 24 ամսից:

Scroll Up