Ստարակորսունսկայա ստանիցայի հայկական մշակույթի կենտրոնը 5 տարեկան է

Կրասնոդարի երկրամասի Ստարակորսունսկայա ստանիցայում ոչ շատ են հայերը, ոչ էլ քիչ։ Այստեղ այնքան հայ է ապրում, ինչքան երկրամասի  շատ ու շատ բնակավայրերում՝   երեք – չորս հարյուր ընտանիք։ Տարբերությունն այն է, որ այս գյուղը իր տարածքով մոտ է Կրասնոդարի Պիշկովկա թաղամասին, որտեղ ապրող, արարող և բարեգործությամբ զբաղվող մի խումբ հայ մարդկանց  հայրենասիրությունը շատ վարակիչ է։

2009թ. Անդրեյ Միխայլովիչ Ամոսովի կառուցած գողտրիկ նորակառույց շենքում այստեղ սկսեց գործել  Հայկական մշակույթի կենտրոնը։ Այս սպիտակ, լուսավոր շենքը մագնիսի պես  դեպի իրեն ձգեց գյուղի բոլոր հայ բնակիչներին, մանավանդ որ այստեղ զբաղմունքի և մշակույթի վայրերը այնքան էլ շատ չեն։ Ստեղծվեց հովանավորների խորհուրդ, որի նախագահ  Խաչատուր Դոկտորյանը բավականին ջանքեր է գործադրում այս հաճելի գործի կայացման և զարգացման համար։ Ճաշակով կահավորված դասասենյակում կան հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտ բոլոր պարագաները։

Մեր ժողովուրդն ասում է՝ տերն է խաչը զորավոր դարձնում։ Ստարակորսունսկայայի կենտրոնի հաջողության առաջին գրավականը հայոց լեզվի ուսուցչուհի Լիլիա Մանուկյանն է, մի խոհուն ու զգայուն հայուհի, որ իր հոգու թևերով անընդհատ ճախրում է հայրենիքի երկնակամարում և այդ անտես, բայց ուժեղ թևերի փետուրները մեկիկ-մեկիկ փոխանցում աշակերտներին։ 2000թ. ավարտելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, նա նախ աշխատեց հայրենի Էջմիածնի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում, ապա, դեպքերի բերումով հայտնվեց Կրասնոդարում՝ որպես մշտական ուղեկից, իր հետ բերելով Հայրենիքի սերն ու վերադարձի հույսը։

Լիլիա Մանուկյան ուսուցչուհու համար հայ երեխաներին հայկական գիտելիքներ հաղորդելը առօրյա գործ կամ աշխատանք չէ, սա նրա կյանքի էական մասն է, սրտի ամենաբաբախուն տրոփյունը։ Այստեղ դեպի հայոց լեզվի գիտելիքները ճանապարհն անցնում է հայի արժանապատվություն ձեռք բերելու, Հայաստանը ճանաչելու ու սիրելու ուղիով։ Ամեն առիթ, լինի դա Նոր տարի, Մայրության կամ Դպրության տոն, այստեղ վերածվում է մի վարարուն ձոնի առ հայրենիք, և ամեն անգամ տարակուսած նայում ես շուրջդ, դժվարությամբ հավատալով, որ նույն, միակ դասասենյակում ես գտնվում։ Քանի որ ամեն անգամ թեմային ու սցենարին ներդաշնակ ձևավորվում է նաև դասարանը, փոխվում անճանաչելիորեն։ Նույնն է մնում, սակայն, մթնոլորտի հոգևոր բաղադրությունը։

Վերջերս կենտրոնը տոնեց իր առաջին՝ 5-ամյա հոբելյանը։ Այս կարճ ժամանակում հաստատությունը ձեռք է բերել ուրույն դեմք, տասնյակ հաճախողներ, համակիրներ, կատարել մնայուն և արժանահիշատակ գործեր։ Տոնակատարության խորագիրն էր «Հեքիաթային աշուն»։ Աշնանային գույներով, ճյուղերով ու պաստառներով նկարազարդված դասարանում  կոճղերի վրա տեղավորվել էին աշնան երանգներով, հայկական անուշահամ մրգերի տեսքով զգեստավորված մանուկները։ Հանդիսատեսին թվում էր, թե հայտնվել է հայրենի անտառում ու լսում է քամու, ծառերի, սաղարթների ու տերևների գեղանկար համանվագը։ Աշնան փոքրիկ թագուհին շրջում էր և շարունակում իր կախարդական վրձնով թարմացնել աշնան գույներ։

Այս կենտրոնում ամեն ինչ պատված է լրջության, հանդիսավորության և արժանավորության շղարշով։ Բոլոր աշակերտների դեմքին վեհություն և իրենց զբաղմունքի կարևորության զգացում կա։ Հորդում են հայերեն բանաստեղծություններն ու ասույթները թոթովախոս մանուկների բերանից… Ունկնդիրը զգում է, որ դա սոսկ սերտած ոտանավոր չէ, այստեղ ոգի կա, այս երեխաները խորապես զգում և ապրում են իրենց արտաբերած յուրաքանչյուր տողը.

Ամեն անգամ մտնում ես այս ջերմ օջախից ներս, և հետզհետե խամրում, անէանում, վերանում է օտար աշխարհը, հայտնվում ես Լիլիայի և այս մանուկների Հայաստանում։ Այն Հայաստանում, որ ամեն օր ապրում է նրանց հոգիներում և մեկ-մեկ հորդում դուրս, իր թովչանքով վարակում ծնողներին ու հանդիսատեսներին։

«Երբ օտարության մեջ երկու հայ են հանդիպում, նրանք միևնույն է, երեքով են, որովհետև նրանց արանքում աննկատելիորեն տեղավորվում է  հայրենիքը»,  -ազդարարում է ուսուցչուհին իր հուզված, կերկերուն ձայնով, և նորից ու նորից համոզում, որ ամենատաղանդավոր և կարևոր սերմնացանը հայկական աշխարհում ուսուցիչն է, և, ՝  երբ գիտակցական համոզվածությանն ու սկզբունքայնությանը խառնվում են անկեղծ զգացմունքներ, այն դառնում է անափ նվիրվածություն և վարակում շրջապատին։

Երազիկ Հարությունյան

                                                                                                                             ԿՐԱՍՆՈԴԱՐ

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed

Scroll Up