ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Մարալ» երգ ու պարի համույթի 35-ամյա հոբելյանը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵՍԱՅԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ,

ՄԻՈՒԹՅԱՆ «ՄԱՐԱԼ» ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ

ՄԱՐԻԱՄ ԴՐԱՄԵՐՅԱՆԻՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

ԿԱՐՊԻՍ ԵՎ ԻՐԻՍ ՉԱՓՔԱՆՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ ՍԱՆԵՐԻՆ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուրախ եմ, որ Եսայան սանուց միության «Մարալ» երգ ու պարի համույթն արդեն 35 տարեկան է,  և սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ իրադարձության առթիվ:

Ստեղծվելով Բենոն Քուզուբաշի նախաձեռնությամբ որպես հայկական դարավոր մշակույթը, ազգային երգն ու պարը ներկայացնող սիրողական թատրոն՝ այն իր ելույթներով ամենուր արժանացել է հանդիսատեսի ջերմ և անկեղծ ընդունելությանն ու բուռն ծափողջույններին: Ժամանակի ընթացքում հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ՝ համույթն այսօր ևս գործում է ու ազգի նվիրյալ զավակներ Կարպիս և Իրիս Չափքանների շնորհիվ շարունակում է հայկական երգ ու պարի լավագույն ավանդույթներն ու ազգային առանձնահատկությունները սերունդներին փոխանցելու իր վսեմ առաքելությունը:

Շնորհակալ եմ, որ համույթի բոլոր անդամներն ընդունեցին ՀՀ սփյուռքի նախարարության հրավերը, և 2011 թվականին իրականություն դարձավ համույթի անդրանիկ համերգը Հայրենիքում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոյակերտ դահլիճում: Որպես հայ երգ ու պարի լավագույն մեկնող և տարածող՝ «Մարալ»-ը 2012 թվականին իր մասնակցությունը բերեց «Իմ Հայաստան» փառատոնին` հուզմունքի և հիացմունքի, հպարտության ու ոգևորության պահեր պարգևելով բոլոր ներկաներիս:

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ աննմա՛ն բարեկամներ,

Անհնար է գերագնահատել հայկական մշակույթի դերն ազգային ինքնության պահպանման, մեր դարավոր արժեքներին հաղորդակից դարձնելու, ազգի միավորման ու համախմբման գործում:

Ուստի՝ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում համույթի բոլոր նվիրյալներին՝ ողջ ստեղծագործական ու վարչական կազմին, հովանավորներին ու սաներին՝ հայանպաստ ու ազգանվեր գործունեության, հայ մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին անմնացորդ ծառայելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով համույթին 35-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ նորանոր բեմեր, ջերմ ու տաք հանդիսատես և ստեղծագործական բեղուն ուղի:

Հարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up