Ֆրանսիայի գրադարանում կայացել է «Տիգրանի կերպափոխությունները» գրքի շնորհանդեսը

Փարիզի Մազարինի գրադարանում, մշակութային եւ հոգեւոր գործիչների մասնակցությամբ կայացել է Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի կերպարանափոխությունները» գրքի շնորհանդեսը, որը գրվել է Մաքսիմ Եվադյանի հետ համագործակցությամբ:

Այս մասին Artsakhpress-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:

Երեկոն սկսվել է հեղինակավոր այդ գրադարանի տնօրեն Յան Սորդեի ելույթով: Նա ընդգծել է այդ հրատարակության կարեւորությունն արվեստի բնագավառում, որը պատմում է դասական թատրոնում եւ լիրիկական արվեստում հայերի ներկայության զարմանալի եւ անհայտ մանրամասների մասին:

Այնուհետեւ «Հայաստանի աղբյուրները» ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Եվադյանն ու Ալեքսանդր Սիրանոսյանը գրքից նկարներ եւ մեկնաբանություններ են ներկայացրել, ինչին հետեւել է լսարանի հետ կարճ քննարկումը:

Գրքերի մակագրման արարողությունից առաջ Աստղիկ Սիրանոսյանը (գիրքը նվիրված է նրան ու նրա քրոջը՝ Շուշանին) շնորհակալություն է հայտնել հորը եւ կատարել Բախի թավջութակի համար սյուիտն ու Կոմիտասի ստեղծագործություններից:

Scroll Up