«Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագրով Սիդնեյ մեկնած արվեստագետներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 4-17-ը համերգային ծրագրով Սեդնեյ մեկնած արվեստագետներ Մուրադ Մալխասյանին,  Ֆորշ-Վահան Գևորգյանին  (Ֆորշ) և Մերի Մնջոյանին:

 Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանի և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի Մնջոյանի համատեղ առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Սիդնեյի ակումբներից մեկում («North Sydney Leagues Club»), որին մասնակցել են Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարության խորհրդական Էդուարդ Դարբինյանը, համայնքի տարբեր միությունների, կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Երկրորդ համերգը կայացել է նոյեմբերի 15-ին Ավստրալահայ  ընկերակցության կենտրոնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ճաշկերույթին, որտեղ հայրենի արվեստագետներն իրենց բարձրարվեստ ելույթներով խանդավառել են ներկաներին:

Ողջունելով արվեստագետներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց հայկական համայնքներ միայն բարձրարվեստ մշակույթի գործիչներին գործուղելու անհրաժեշտությունը: «Հայ հանդիսատեսը՝ Հայաստանում, թե Սփյուռքում ցանկանում է լսել հայ երգի միայն որակյալ, ոգեշունչ կատարումներ,-նշեց նա՝ հավելելով, – երգերի ու երգիչ-երգչախմբերի ճիշտ ընտրությամբ, ինչպես նաև համերգային ու մշակութային զանազան ծրագրեր մշակելիս մենք պետք է կարողանանք տարածել մեր մշակութային քաղաքականությունը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Սփյուռք գործուղված արվեստագետները պետք է կարողանան հասկանալ սփյուռքահայերի խնդիրները և համերաշխության մթնոլորտում իրենց համերգներով ուժ տան համայնքներին, ինչը հաջողությամբ իրականացրեց այս թիմը:

«Շնորհակալ եմ ձեզ նաև  համերաշխ գործունեության համար: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը միայն սկսվել է և չի ավարտվում», – նշեց նախարարը՝ հրավիրելով երգիչներին մասնակցելու «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» նախաձեռնությանը:

 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք իրականացնում ենք այս յուրահատուկ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի 100 հայտնի մարդիկ, մարզերում և Երևանի ծայրամասերում բնակություն հաստատած 100 սիրիահայ երեխաների համար ամանորյա նվերներ են պատրաստում, իսկ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառումը», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

 Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ արվեստագետները միաձայն նշեցին, որ միանալու են այդ բացառիկ նախաձեռնությանը:

«Մենք պատրաստ ենք աջակցել և մեր մասնակցությունը բերել ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին», – նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը ապա շնորհակալություն հայտնելով «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագրում իրենց ընդգրկելու համար՝ հավելեց. «Սիդնեյում մեզ ընդունեցին մեծ խանդավառությամբ, իսկ համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում: Մենք հպարտ էինք, որ հեռավոր Ավստրալիայում այդքան սիրում և սպասում են Ձեզ, տիկին Հակոբյան: Կարծում եմ, դյուրին չէ գործով ու խոսքով արժանանալ բազմաշերտ ու բազմակարծիք Սփյուռքի բոլոր կազմակերպությունների և անհատների դրական գնահատականին, սակայն Սիդնեյ կատարած այցից հետո միանշանակ կարող ենք վկայել, որ դա Ձեզ հաջողվել է»:

Ֆորշն ընդգծեց. «Միայն հայկական մշակույթը տարածելով և նրա կրողը դարձնելով է հնարավոր Սփյուռքում հային հայ պահել: Բացի բուն համերգային ծրագրից, որոշ չափով զբաղվեցի այնտեղի երիտասարդներին համացանցի միջոցով հայկական երգեր ներբեռնել սովորեցնելու գործով: Նրանցից շատերը չգիտեին՝ համացանցում ինչպես հայկական երգեր փնտրել, իսկ տեղեկանալուց հետո մեծ ոգևորությամբ ոչ միայն լսում, այլև իրենց ընկերներին էին փոխանցում հայ երգին հասանելի դառնալու գիտելիքները»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ցեղասպանությանը նվիրված երգերի հավաքածու ստեղծելու և պատրաստված ձայնասկավառակները Սփյուռքում տարածելուն վերաբերող և այլ հարցեր:

Scroll Up