Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի հասարակական ու քաղաքական գործիչների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար:

Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի-Արցախի-Սփյուռքի անսասան եռամիասնությամբ եւ մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Scroll Up