Դամասկոսում ՀՀ դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/1463557_402724089879602_1375482355127794979_n1.jpg)
Ներկաներին ողջունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի 23-ամյա ուղուն՝ բարձր գնահատելով երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դեսպան Փոլադյանը նաև ըստ արժանվույն է գնահատել հայ-սիրիական երկկողմ բարեկամական հարարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիայի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին նրանց ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը:
Փոլադյանն իր խոսքի ավարտին խաղաղություն է մաղթել Սիրիային: Նա հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հանձնել է Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների շքանշաններ ու պատվոգրեր:
Ընդունելությանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի փոխնախագահ Ֆահմի Հասանը, Խորհրդարանի հարցերով նախարար Հասիբ Շամմասը, Արտաքին գործերի և սփյուռքի նախարարի օգնական Համեդ Հասանը, Տնտեսության և արտաքին առևտրի նախարար Հումամ ալ Ժազաիրին և Բնապահպանության հարցերով հայազգի նախարար Նազիրա Սարգիսը: Բացի այդ միջոցառմանը մասնակցել են նաև հայկական բոլոր կառույցների ղեկավարները, հոգևոր առաջնորդները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: