«Որտեղ էլ, որ ապրելիս լինեն հայերը, միևնույն է, իրենցը չէ. մերը Հայաստա՛նն է». Վարանդ Պետրոսյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/Untitled-149.jpg)
<<Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները>>:
Գարեգին Նժդեհ
Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցներից շատերն են ձգտում վերադառնալ Հայրենիք, հաստատվել Հայաստանում: Տարիներ առաջ Իրաքից հայրենադարձված Վարանդ Պետրոսյանի հետ զրուցել է <<Հայերն այսօր>>-ի թղթակիցը:
–Պարո՛ն Վարանդ, ՀՀ սփյուռքի նախարարության 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում Դուք այնքա՜ն ջերմ, հայրենաշունչ ելույթ ունեցաք, որն ավարտեցիք նույնքան հայրենասիրական բանաստեղծությամբ: Այդ ի՜նչ ներշնչանք է Ձեզ հաղորդել Հայրենիքի սերը…
– Ներշնչանքն, անշուշտ, իմ ծնողներից է գալիս. առաջին հերթին՝ իմ երջանկահիշատակ հայրիկից: Հայրս միշտ ասում էր. <<Վերն՝ Աստված, վարը՝ Հայրենիք, Հայաստան>>: Հայրիկս այդ սկզբունքով, ներշնչանքով է մեզ պահել, մեծացրել, կրթել: Մենք առանց տեսնելու էլ սիրում էինք Հայաստանը, ապրում էինք Հայաստանի կարոտով: Հայրենադարձվեցինք, հայրս էլ մեզ հետ եկավ, տեսավ իր երազած Հայրենիքը և մի քանի ամիս անց հոգին ավանդեց: Միշտ անկախ Հայաստանի տեսլականով ենք ապրել. շատերը չէին հավատում Հայաստանի անկախությանը, բայց մենք հավատում էինք, որ կգա այդ օրը, և նորից կծածանվի եռագույն դրոշը: Մարդիկ չէին հավատում, որ խորհրդային կարգերը կանցնեն պատմության գիրկը, բայց փլուզվեց այդ կայսրությունը: Հիմա էլ նույնն է. երբ մենք երգում ենք՝ պիտի երթանք մեր երկիր՝ Արևմտյան Հայաստան, նույն մարդիկ թերահավատորեն ասում են, թե դա հնարավոր չէ, որ Թուրքիան հզոր երկիր է… Մենք ձեռքներս ծալած չպիտի նստենք, մոր կաթի հետ մեր զավակները պիտի սնուցվեն հայրենասիրությամբ և մեր իրավունքներին վերատիրանալու գաղափարով: Օրը, պահը կգա. Թուրքիան այսօրվա Թուրքիան չի մնա: Եթե ձեռքներս ծալած նստենք, այդ ժամանակ, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում՝ <<Չենք կրնար առնել հարիսայի մեր բաժինը>>:
–Ե՞րբ հայրենադարձվեցիք և ի՞նչը եղավ հիմնական դրդապատճառը:
– Հայաստան տեղափոխվելու ձգտումը միշտ կար մեր ընտանիքում, սակայն 2003-ին, երբ պատերազմական գործողություններ ծավալվեցին Իրաքում, երբ ամերիկյան բանակը Բաղդադ մտավ, ես և տիկինս որոշում կայացրինք, այսինքն՝ այդ վիճակն ավելի արագացրեց մեր վաղեմի ցանկության իրագործումը. տեսանք, որ այդ երկիրն էլ դեպի անդունդն է գնում, և մենք տեղափոխվելու արագ ու վճռական որոշում կայացրինք: Շատերը մեզ կանչում էին Ամերիկա, Եվրոպա, շատերն էլ ասում էին, թե շուտով Իրաքն էլ Արաբական Էմիրությունների, Դուբայի նման հարուստ և շքեղ կդառնա, որ մենք իզուր ենք հեռանում… Ես նրանց պատասխանեցի՝ ասելով, որ այդ Էմիրություններն ինձ համար արժեք չունեն, որ ավելի լավ է իմ Հայրենիք գնամ և այնտեղ իմ յուղովս տապկըվիմ, քան օտարներու հողին վրա հարուստ ըլլամ: Եվ 2003-ի դեկտեմբերի 1-ին մենք Հայաստան եկանք:
– Ընտանիքի անդամներից որևէ մեկը դեմ չէ՞ր հայրենադարձվելուն:
-Ո՛չ: Բոլորս էլ համաձայն էինք, և ես, տիկինս, երկու դուստրերս տեղափոխվեցինք, մի քանի ամիս անց եկան հայրս, մայրս, եղբայրս, կնոջս ծնողները: Այնտեղ վաճառեցինք մեր տունը և Հայաստանում տուն գնեցինք, ու նոր կյանք սկսեցինք:
– Պարո՛ն Վարանդ, դժվար չէ՞ր նոր կյանքի սկիզբը. հեշտությա՞մբ հարմարվեցիք:
– Ամեն ինչ, երբ փոփոխության է ենթարկվում, անշուշտ, լինում են դժվարություններ: Ասենք, եթե Բաղդադում էլ մի թաղամասից մյուս թաղամասը տեղափոխվեինք, այնտեղ էլ դժվարություններ էլ կունենայինք՝ նոր հարևաններ, նոր միջավայր, նոր հարաբերություններ… Հայաստանում էլ եղան դժվարություններ, բայց հաղթահարեցինք, հարմարվեցինք: Կարևորն է այն է, որ սա Հայաստանն է, հայերու տունը: Դեռևս մինչև Հայաստան տեղափոխվելը շփում ունեի Հայրենիքիս հետ. ես երկար տարիներ Բաղդադի Հայ երկսեռ երիտասարդ միության վարչության անդամ էի և այնտեղի գրական խմբակի ակտիվ մասնակիցներից: Մենք գրական-գեղարվեստական հայրենաշունչ շատ միջոցառումներ էինք կազմակերպում և միշտ կապեր ունեինք Հայաստանի թերթերի, ամսագրերի հետ. մշակութային կապերն ամուր էին: Հիշում եմ, որ կար Սփյուռքի կոմիտե, որի հետ նամակագրական կապեր ունեինք. նրանք մեզ գրքեր, թերթեր, ամսագրեր էին ուղարկում: Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո, սեպտեմբերի 23-ին մենք Բաղդադի հայկական համայնքից 200 հոգանոց ուխտավորների խմբով եկանք Հայաստան և մասնակցեցինք մյուռոն-օրհնեքին, որը կոչեցին Անկախության մյուռոնօրհնեք: Վերադարձիս որոշեցի, որ անպայման պիտի տեղափոխվենք, սակայն Սադամի օրոք օրենքները շատ խիստ էին, և երկրից հեռանալը որոշակի պայմանների հետ էր կապված, ու մենք չկարողացանք տեղափոխվել: Սադամի ռեժիմի փոփոխությունից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում հայրենադարձվեցինք: Այնքան արագ կայացրեցինք մեր որոշումը, որ ընկերներս էլ զարմացան, սակայն ես հիշեցրեցի հայկական ասացվածքը՝ <<Մինչև խելոքը մտածի, խենթը տեղ կհասնի>>:
–Երկա՞ր տևեցին աշխատանքի որոնումները: Ի՞նչ մասնագիտություն ունեք, պարո՛ն Վարանդ: Հայաստան տեղափոխվելուց հետո որտե՞ղ աշխատեցիք սկզբում:
– Մասնագիտությամբ երկրաբան եմ: Իմ մասնագիտությամբ Իրաքում 6 տարի աշխատել եմ ֆոսֆատի հանքերում: Աշխատանքս դժվար էր, երկար ժամանակ անապատի մեջ էինք աշխատում, ընտանիքից կտրված էի, ուստի թողեցի այդ աշխատանքը և սկսեցի ոսկերչություն անել (փառք Աստծո, պատանեկան տարիքից սովորել էի այդ արհեստը), ոսկու վրա ադամանդ էի շարում, այստեղ՝ Հայաստանում, ասում են՝ քար գցող… Հենց առաջին ամսում ես այդ գործը գտա. լիբանանցի ծանոթ ունեի, ով ինձ տեղավորեց ոսկերչական հիմնարկում, սակայն լարված աշխատանքի պատճառով (խոշորացույցի, ուժեղ լույսի) գլխացավեր ունեցա, տեսողության խնդիրներ, և բժիշկը խորհուրդ տվեց թողնել այդ աշխատանքը: Ծանոթացա Լեռնահարստացման կոմբինատի տնօրինության հետ, դրական պատասխան ստացա, մանավանդ, երբ իմացան, որ երկրաբան եմ: Քանի որ այստեղ մասնագիտական տերմինները ռուսերենով էին, ինձ կարողացան աշխատանքի վերցնել մատակարարման բաժնում: Ցավոք, մոտ օրերս արդեն աշխատանքի հետ կապված փոփոխություններ կան, և չգիտեմ, թե ինչ կլինի իմ վիճակը, սպասում եմ:
–Գիտեմ, որ Ձեր կինը՝ Սոսի Ավագյանը, ՀՀ սփյուռքի նախարարության <<Հայերն այսօր>> էլեկտրոնային պարբերականում է աշխատում, իսկ Ձեր դուստրե՞րը…
– Մեծ աղջիկս ամուսնացած է իրաքցի մի շատ լավ հայորդու հետ, արդեն թոռնիկ ունենք: Փոքրս՝ Արփին, սովորում է 12-րդ դասարանում և ցանկանում է Ձեզի պես լրագրող դառնալ:
– Ի՞նչ կմաղթեք Սփյուռքում ապրող հայերին. արդյոք կհորդորե՞ք նրանց, որ գան ու հաստատվեն Հայրենիքում:
– Անպայմա՛ն: Բոլոր հայերին կհորդորեմ, որ վերադառնան Հայաստան: Որտեղ էլ, որ ապրելիս լինեն հայերը, միևնույն է, իրենցը չէ. մերը Հայաստա՛նն է: Քանի դեռ ամբողջապես չեն ձուլվել, պիտի հայրենադարձվեն: Դժվար որոշում է, սակայն պետք է վճռական լինեն. տեսա՞ք, թե ինչ եղավ Իրաքում, Սիրիայում… Նոր սերունդները, նրանց զավակներն արդեն սկսել են չխոսել հայերեն. լսել եմ, թե ինչպես են ասում. <<Իմ մեծ հայրը հա՛յ էր…>>: Պատկերացնո՞ւմ եք, չեն ասում՝ ես հայ եմ, ասում են, որ իրենց մեծ հայրը հայ էր… Շատ ցավալի է: Հայաստանը միակ տեղն է, ուր զավակդ, ինքնաբերաբար, հայ է մեծանում:
– Ճի՞շտ է թվում ինձ, թե ստեղծագործող անձ եք…
– Այո՛, գրում եմ և գրել եմ շատ հոդվածներ, բլոգ ունեմ հետևյալ հասցեով՝ www.hayrenagan.blogspot.com, ուր տեղադրում եմ հայրենասիրական նյութեր մեր մտավորականների, հայտնի գրողների, ազգայի գործիչերի մասին: Վերջերս զորավար Սեպուհի վերահուղարկավորմանն էի ներկա և գրեցի այդ մասին: <<Եռագոյն>> արևմտահայերենով կայքում տեղադրւում է իմ նյութերից: Սիրում եմ գրել, ստեղծագործել. դա իմ աշխարհի մի մասն է:
– Ե՞րբ են ձևավորվել Ձեր կապերը ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
-2008-ին մենք կազմավորեցինք Իրաքահայերի մշակութային հասարակական կազմակերպություն, որի նախագահն էի, և այդ ժամանակներից էլ կապվեցինք ՀՀ սփյուռքի նախարարությանը: Մեր կազմակերպությունը շատ միջոցառումների հեղինակ է եղել՝ ցուցահանդեսների, պարահանդեսների, դասախոսությունների: Հիմա ես այնտեղ չեմ, սակայն տղաքն աշխատում են, միայն թե տարածք չունեն, ուր կարողանան հավաքվել, գործունեություն ծավալել:
– Եթե Իրաքում ամեն ինչ կարգավորվի և, ինչպես Ձեզ համոզում էին Ձեր ընկերները, Դուբայ դառնա, կցանկանա՞ք վերադառնալ Ձեր ծննդավայր:
– Ո՛չ, չեմ վերադառնա: Չկարծեք, թե չեմ սիրում Իրաքը, Բաղդադը. դա իմ ծննդավայրն է, ես երախտապարտ եմ իմ ծննդավայրին և արաբ ազնիվ ժողովրդին, ով Ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին նեցուկ է եղել: Գրեթե մերկ, հալածված, հյուծված, ամեն ինչ կորցրած հայերը հասել են Իրաքի անապատները, և արաբները ձեռք են մեկնել հայերին, տեղ են տվել ու պայմաններ ստեղծել, որ աշխատեն, ոտքի կանգնեն: Հայերն աշխատասեր ժողովուրդ են և իրենց աշխատանքով շարունակել են ապրել ու հարստացել են: Իրաքում համարյա չկան աղքատ հայեր, չքավորները շատ քիչ են: Այսօր էլ փափագ ունեմ գնալ կարոտս առնել ծննդավայրիցս, տեսնել ծանոթներիս, ընկերներիս: 11 տարի է, որ Հայաստանում եմ և մեկ անգամ եմ դուրս եկել Հայաստանից. գնացել էի Վրաստան և շտապում էի օր առաջ վերադառնալ իմ Հայրենիք:
– Պարո՛ն Վարանդ, Հայաստանում ի՞նչ երևույթներ, մարդկային բնավորության ի՞նչ հատկանիշներ կան, որոնց հետ չեք հարմարվել:
– Հոռետեսությունը: Ես չեմ ընդունում՝ երկիրը երկիր չէ տարածված արտահայտությունը. այսպես խոսողն իր հո՛րը, իր մո՛րն է անտեսում, իր զավակի՛ն, իր անցյալն ու ապագան: Ամեն մարդ, խավարն անիծելու փոխարեն, պետք է մեկ մոմ վառի: Այդ հոռետեսական արտահայությամբ մենք թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում, որը հարիր չէ հայերին. կարծում եմ, որ այդօրինակ տրամադրությունը գալիս է դեռևս խորհրդային տարիներից, որովհետև չկար պետականության մտածելակերպ: Մեր բակում մի ցայտաղբյուր կա, մաքրում եմ դրա շուրջը, փականն եմ նորոգում, անցնողներն ասում են, թե ինչո՞ւ եմ չարչարվում, ինչի՞ս է պետք… Ես կարծում եմ, որ ամեն մարդ, ամեն հայ իր երկրում, իր քաղաքում, իր տանը, իր բակում մի օգտակար գործ պիտի անի:
– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
– Անշուշտ, սրբություն է և մեր՝ հայերիս վերջին ու միակ հանգրվանը: Կ’ուզեմ ձևակերպել Գարեգին Նժդեհի խոսքերով. <<Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները>>:
Զրուցեց Կարինե Ավագյանը