Գերմանացի հանդիսատեսը հոտընկայս ծափահարեց հայ երգիչներին

Նոյեմբերի 7-ին Համբուրգի «Laeiszhalle»-ում կայացավ «100 համերգ Հայաստանի համար» խորագիրը կրող համերգը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մասնակցում էին Ադամ Բարրոն (բաս-բարիտոն, Ֆրանսիա), Հրաչուհի Բասենցը (սոպրանո, Գերմանիա), «Գայանե» երգչախումբը (Գերմանիա), Գայանե Գրովերը (խմբավար, Գերմանիա):

Երեկոյի ընթացքում հնչեցին Մոցարտի, Վիվալդիի, Ֆրանկի, Կոմիտասի, Հարությունյանի, Աբրահամյանի, Եկմալյանի, Սպենդիարյանի ստեղծագործությունները:

Համերգի կազմակերպիչներն էին Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) և Գայանե Գրովերը:

«Երգացանկը, կարելի է ասել, ընտրել էինք դեռ Երևանում՝ Ադամի հետ հանդիպման ժամանակ: Հետագայում արդեն, համադրելով Գայանե Գրովերի  առաջարկները, կազմվեց մի գեղեցիկ ծրագիր, որտեղ տեղ գտան և՛ հայ, և՛ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, անգամ Շարլ Ազնավուրի «Ավե Մարիան»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հրաչուհի Բասենցը, ով Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Օպերայի պետական թատրոնի առաջատար սոպրանոներից է:

Համերգի ընթացքում հնչած եվրոպական երաժշտության կողքին հայկական երաժշտությունը չպետք է զիջեր: Այս էր երգիչների գերխնդիրը. «Շատ կարևոր էր, որ Բելինիի, Մոցարտի, Բիզեի, Ֆրանկի կողքին Կոմիտասը, Աբրահամյանը, Հարությունյանը, Սպենդիարյանը ներկայանային իրենց ողջ կատարելությամբ: Երաժշտական լեզվով ասած` կախարդել, զարմացնել, հնարավորինս տպավորել, ամուր թելերով կապել նրան հայ երգին, հային, նրա պատմությանն ու մշակույթին»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց Ադամ Բարրոն, իսկ Հրաչուհի Բասենցը հավելեց. «Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց բոլորիս ցանկությունն էր, որ երեկոն տխուր չանցներ: Մեր նպատակն էր ներկայացնել ո´չ թե մշտապես սգացող հային, այլ ցուցադրել ուժեղ, պայքարող, պայծառ, հույսով ու հավատով լեցուն, պատմական մեծ ժառանգություն ունեցող և այսօր աշխարհում տարբեր ոլորտներում առաջատար հային»:

Հարությունյանի «Հայրենիքիս հետ», Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան», Աբրահամյանի «Արարատից հետո» ստեղծագործությունները հանդիսատեսին ստիպել են հոտընկայս ծափահարել:

«Հանդիսատեսի ընդունելությունից շատ տպավորված եմ: Ծափողջյուններից, բրավոներից և հաջորդ օրվա արձագանքներից պարզ էր, որ համերգն անցել է մեծ հաջողությամբ և ոգևորությամբ:

Շատ շնորհակալ, ջերմ և անկեղծ հանդիսատես էր: Հիացական հայացքներ էի «որսում» դահլիճում և լցվում` ավելին տալու, փոխանցելու ցանկությամբ:

Անչափ ուրախ եմ, որ համերգին Ինգոլշթադթից կիլոմետրեր կտրած  շատ հայրենասեր, հավատարիմ հանդիսատես ունեի դահլիճում և շատ երջանիկ եմ, որ գոհ ու ոգևորված, ինչպես նրանք արտահայտվեցին` իրենց վերգտած, պիտի վերադառնան»,-նշեց Հրաչուհի Բասենցը:

Մուրադ Ամիրխանյանի փոխանցմամբ, ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև հայ երգիչների համար հուզիչ էր լսել Գայանե Գրովերի ղեկավարած «Գայանե» երգչախմբի կատարումները: Երգչախումբը, որի երգիչները հիմնականում գերմանացիներ են, հայկական երգերը մատուցել են հայեցի` հայկական ճշգրիտ առոգանությամբ ու հուզականությամբ:

«Գայանե» երգչախմբի անդամները, որոնք զարգացած և յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած մարդիկ են, աշխատանքից դուրս իրենց կյանքը նվիրել են հայ երգին և նրա տարածմանը՝ Գայանե Գրովերի գլխավորությամբ ու համառ ջանքերի շնորհիվ: Սա բացառիկ և շատ հուզիչ երևույթ է: Երգչախմբի անդամների խոստովանմամբ` ամեն անգամ փշաքաղվում են, խորը ապրումներ ունենում և հուզվում հայկական երաժշտությունից, վերապրում են այն ինչ երգում են, նաև մեր ազգի կրած ցավն ու տառապանքը»,-ավելացրեց Հրաչուհի Բասենցը:

Երգչուհուն, սակայն, մտահոգել է մի հանգամանք, կցանկանար, որ դահլիճում մեր հայրենակիցներն ավելի շատ լինեին. «Ամեն ինչ հիանալի էր, բայց անկեղծ ասած` սպասում էի հայերով լցված դահլիճ, սակայն, ցավոք, դահլիճի մեծամասնությունը գերմանացիներ էին: Մենք քիչ ենք, այո´, և մեզ հա´յ են ասում, բայց կցանկանայի` հպարտության առիթները որևէ կերպ չէժանանային և չպակասեին, այլ հակառակը:

Մեր հարևան երկրի որևէ ներկայացուցիչ, եթե օտար հողում անգամ փոքրիկ ներդրում է ունենում իր ազգի համար, համերկրացիները պարտադիր կերպով սատարում են: Բայց ի՞նչ է ստացվում, մենք` հայերս, միայն ժամանցային միջոցառումներին ենք դահլիճներ լցնում: Մի՞թե մենք միայն ժամանցային ազգ ենք, իսկ ո՞ւր մնաց մեր պատվախնդրությունը: Չէ՞ որ գերմանացին էր երգում հայերեն, հուզվում և հուզում էր հայերեն»:

Խոսքերի լավագույն ապացույցը գերմանացի հանդիսատեսի հետևյալ գնահատականն է` «Հիացած եմ` սա աստվածային երաժշտություն էր` երկնքից «առաքված»,-Էքքե Շնայդեր: «Ֆանտաստիկ է, ամենահիասքանչ երաժշտությունը, որ մինչ այժմ լսել էի»,-Քրիստին Հարվարդ:

«Անչափ հաճելի, ոչ մի րոպե չձանձրացնող համերգային երեկո էր ինձ համար` իր հետաքրքիր, անզուգական ծրագրով: Հայկական հուզիչ երաժշտությունից անցումը դեպի Մոցարտին, Վիվալդիին, Բելինիին, Բիզեին պարզապես հիասքանչ էր: Ականջ շոյող պատմական երեկո էր»,-Ջենի Ռինկա:

«Ինձ համար նորություն էր հայկական երաժշտությունը: Ես ցնցված եմ, այնքան ջերմացնող էր, հանգստացնող: Կսպասեմ հաջորդ համերգին»,-Քերսթին Նիեգել:

Երգիչների ցանկությունն իրականացած կարելի է համարել: Երեկոյի ընթացքում հայ երգի կախարդական ելևեջները, ներթափանցելով գերմանացի հանդիաստեսի հոգու մեջ, արթնացրել են այնպիսի զգացողություններ, որոնք նրա համար իսկական հայտնություն են եղել:

Այս ամենը, նախևառաջ, մեր երգիչների շնորհիվ է, ովքեր օտար հողում չեն հեռանում սեփական արմատից: Օտար երաժշտության կողքին փորձում են հնչեցնել հայ երգը, ինչը, Ադամ Բարրոյի խոսքերով, յուրատեսակ պարտականություն է դարձել երգիչների համար. «Իմ պարտքն է, իմ խաչն է` ըստ արժանվույն ներակայացնելու հայ երգը: Եվ սիրով լցված` սեր եմ փոխանցում իմ երգերով»:

«Համերգի առաջարկի համար իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ադամ Բարրոյին, «Գայանե» երգչախմբին, Գայանե Գրովերին, բարձրակարգ երաժիշտներ` Վահան Գասպարյանին, Դավիթ Մովսիսյանին, Անդրանիկ Սարգսյանին, Իրինա Կոլեսնիկովային, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այդ օրը իրենց մի քանի ժամը տրամադրեցին մեզ:

Համերգը մեծ ընդունելության արժանացավ: Կարծում եմ` անպայման կունենա իր շարունակությունը»,-իր խոսքը եզրափակեց Հրաչուհի Բասենցը:

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up